Նաիրա Զոհրաբյան․ Ինձ պատերազմ են հայտարարել սոցիալական ցանցերում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի շրջանակում Նոր Նորք համայնքում անցկացված հանրահավաքում իր ելույթում կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը կրկին կոչ արեց Երևանը չբաժանել սևերի և սպիտակների:

«Ես երբեք իմ մասին վատ կարծիքի չեմ եղել, բայց երբ որ պետական ողջ մեքենան կազմակերպված ձևով, պետության խնդիրները թողած, երեկ ամբողջ գիշեր և ամբողջ օրը այսօր համակարգված ձևով, նախարարություններով, կազմակերպություններով, ավագանիներով զբաղված են ինձանով, անկեղծ ասած, սեփական ինքնարժեքիս մասին կարծիքս էլի բարձրացավ», - հանրահավաքում հայտարարեց ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը՝ շարունակելով․ - «Ես չէի մտածում, որ ամբողջ պետությունը, պետական ողջ ինստիտուտները, իրենց գործը թողած, սոցիալական ցանցերում պետական ողջ ռեսուրսների միջոցով վարձած ֆեյքերի միջոցով պատերազմ են հայտարարելու: Դա մեկ բանի մասին է խոսում՝ որ մենք ճշմարիտ ենք: Որ ծրագրերը, որ մենք ներկայացնում ենք, շահել են ձեր վստահությունը, որ իրենք վատաբանելուց բացի, որևէ այլ բան չունեն առաջարկելու: Մենք այսօր նորից ասում ենք՝ մի վիրավորեք երևանցուն, հարգենք երևանցուն: Երևանցին ուզում է մեկ բան՝ որ իր խնդիրները լուծվեն: Մի բաժանեք Երևանը սևերի և սպիտակների: Այսօր սև-սպիտակի խնդիր չկա, այսօր հերոսի և դավաճանի խնդիր չկա, այսօր դուխով և անդուխի խնդիր չկա: Այսօր ինձ համար, որպես պատգամավորի, քաղաքացու, քաղաքապետի թեկնածուի, կա ընդամենը մեկ ջրբաժան, և այդ ջրբաժանը անցնում է Երևանի լուծված և չլուծված խնդիրների միջով»: