Արամ Սարգսյան․ Էս քաղաքում պիտի ընտրվի կառավարման փորձ ունեցող, լուրջ թեկնածու

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը բավական կոշտ ելույթ ունեցավ «Լույս» դաշինքի քարոզարշավի շրջանակում այսօր անկացված հանրահավաքում:

«Լույս» դաշինքն այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում քարոզարշավ անցկացրեց Էրեբունի վարչական շրջանում:

Դաշինքի ներկայացուցիչները առավոտից շրջում էին փողոցներում ու բակերում, պատմում էին իրենց նախընտրական ծրագրի մասին և կոչ անում սեպտեմբերի 23-ին քվեարկել իրենց թեկնածուների օգտին:

Օրվա քարոզարշավը «Լույս» դաշինքը եզրափակեց Ազատամարտիկների այգում հրավիրած հանրահավաքով:

Դաշինքի ցուցակը գլխավորող Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենց գալիս են կառուցելու Երևանը, որպեսզի «յուրաքանչյուր երևանցու տուն լույսով լցվի»:

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաև խորհրդարանական «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Բավական կոշտ ելույթն ամբողջությամբ նվիրված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի առաջին օրն արած հայտարարությանը, թե հեղափոխության պաշտպան ներկայացող որոշ ուժեր գաղտնի համագործակցում են ՀՀԿ-ի հետ: Սարգսյանն ասաց, թե իրենց լռությունը չի նշանակում, որ իրենք այդ ուժերից մեկն են:

Նա, մասնավորապես, ասաց․ - «Ո՞նց կարելի է նեղացնել Ձեր հետ ճամփա անցած թիմին: Հո խնդիրը մենակ նրանում չի՞, թե ով Ձեր հետ քայլել է, նա էլ պիտի լինի: Եթե մենակ Ձեր հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, մենակ իրանց տեսակետն եք հաշվի առնում, մենակ իրենցով եք ուզում Հայաստանը կառուցել, ես Ձեզ ասելու էլ բան չունեմ: Էլ երբեք չեմ անդրադառնա, բայց Դուք էլ մտածեք, թե ոնց եք անելու արտահերթ ընտրության գնալուց: Որովհետև երկու ուժը և մեր խմբակցության մնացած չորս անդամներն էլ կանգնած են եղել Ձեր կողքին և հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից են: Հիմա ես նայում եմ, էդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք, ի՞նչ անենք: Բա ո՞նց ենք էս խնդիրը լուծելու: Բերեք իրար հարգենք, ու ոչ մի հակահեղափոխություն չի լինի: Եթե Դուք ասում եք, որ Հայկ Մարությանը 99 տոկոս հավաքի, թող հավաքի, թող Ձեր սրտով լինի, բայց դրանով դուրս կգա, որ «Իմ քայլը» դաշինքը հենց հակահեղափոխական ուժ է, որ ինքը հաղթեց ինքն իրեն: Որովհետև, պարոն վարչապետ, Դուք ինքներդ բազմաթիվ անգամներ հայտարարել եք ու դեմ եք խոսել միակուսակցական համակարգին: Վերջ ի վերջո ես ինքս Ձեր կաբինետում ասել եմ՝ ընկեր, եթե ես հասկանամ, եթե ես ընդունեմ, ու եթե դու գտնում ես, որ մեր չմասնակցելը կամ Հայկ Մարությանին պաշտպանելը, կամ քեզ պաշտպանելը երկրին ու պետության օգուտ է, դուրս գամ, չմասնակցեմ: Բայց օգուտ չի, չէ՞: Ուզում եք ձայն չհանենք, բան չասենք, կամ որ ձայն ենք հանում, բան ենք ասում, դուրս է գալիս, որ մենք հակահեղափոխակա՞ն ենք: Տո որ ես հեղափոխական էի, ովքեր ո՞ւր էին․․․ Էս քաղաքում պիտի ընտրվի թեկնածու, որը կառավարման փորձ ունի, որը լուրջ է, որը գիտելիք ունի: Պետք է ճիշտ թեկնածու ընտրել: Գտնել էն ճիշտ թեկնածուին ու քվեն տալ նրան: Ես կարծում եմ, որ Արտակ Զեյնալյանը էդ թեկնածուն է»: