Քննչական կոմիտեն ու ոստիկանությունն այսօր շուրջ 7 ժամ խուզարկություն իրականացրին yerevan.today լրատվամիջի խմբագրությունում, առգրավեցին խմբագրության մի քանի համակարգիչների հիշողության կրիչները։ Խուզարկությունն իրականացնող իրավապահները հրաժարվեցին պարզաբանումներ ներկայացնել։
Քննչական կոմիտեիից տեղեկացրին, որ խուզարկությունը կատարվել է ԱԱԾ և ՀՔԾ պետերին գաղտնալսելու առթիվ հարուցված քրեկան գործի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա։ Yerevan.today լրատվամիջոցից բացի, իրավապահները դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել նաև 5 այլ հասցեներում գտնվող վայրերում, թե հատկապես որտեղ՝ ՔԿ-ն առայժմ չի մանրամասնում։
Լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի խոսքով՝ իրավապահները հայտնել են, թե խուզարկում են իրենց խմբագրությունը, քանի որ Yerevan.today-ն առաջինն է հրապարակել ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նա անպատասխանատու որակեց ոստիկանների գործելակերպն ու նշեց․ «Զարմացած եմ նաև քննչական կոմիտեի վրա, մամուլում արդեն սկսվել են հայհոյանքներ, ես սա համարում եմ մեր գործունեությունը վնասելու փորձ»:
Խմբագրի պնդմամբ՝ իրավապահներն առանց հիմնավորման են տարել իր և լրագրողների համակարգիչները, ինչի արդյունքում փաստացվի կասեցվել է լրատվամիջոցի գործունեությունը։ Խմբագրությունում, ըստ Հակոբյանի, իրավապահները նաև գաղտնալսող սարքեր են փնտրել։ «Իրենք արձանագրեցին, որ տեղեկատվությունը մենք դրել ենք ավելի ուշ, արդեն բազմաթիվ կայքեր դրել էին»,- շարունակեց Հակոբյանը:
Նրա խոսքով, խուզարկություն է իրականացվել նաև կայքի սեփականատիրոջ տանը: Փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո լրատվամիջոցի ղեկավարությունը հանդես կգա մամուլի ասուլիսով։ Հակոբյանը հերքեց այն տեղեկությունը, որ իրենց լրատվամիջոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին կամ ֆինանսավորվում է նրա կողմից։
Սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց գաղտնալսված հեռախոսային ձայնագրություն, որում լսվում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունը: Վերջիններս քննարկում են 2008 թ․ մարտի 1-ի քրեական գործը: Խոսվում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգահարել ու հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ինչ որոշում է պետք կայացնել: Ձայնագրության հրապարակման փաստով արդեն իսկ հարուցվել է երկու քրեական գործ, այդ թվում՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի կողմից հնարավոր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։