«Հիշենք՝ ինչ էր կատարվում Քոչարյանի ժամանակ խոսքի ու խղճի ազատության առումով»․ Նաիրա Զոհրաբյան

«Սա սևի և սպիտակի ընտրություն չէ, սա հայրենասերի ու դավաճանի ընտրություն չէ, սա դուխովի ու անդուխի ընտրություն չէ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ու իր կողմնակիցները քայլերթով Նորք-Մարաշի փողոցներում ընտրողներին հիշեցնում են՝ սեպտեմբերի 23-ին նրանք ընտրություն են կատարելու խոսքի և գործի միջև:

Զոհրաբյանը նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը, մայրաքաղաքի փողոցներով շրջելիս, համոզվել է՝ եթե նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած քաղաքային իշխանությունը չվատներ բյուջեն, եղած ֆինանսական միջոցներով հնարավոր կլիներ լուծել մի շարք խնդիրներ:

«Եթե պարբերաբար ու անընդհատ կենտրոնի փողոցները չասֆալտապատեին ու հետո վերասֆալտապատեին, գումարը բավարար կլիներ: Իմ ընտրվելու դեպքում այլևս կենտրոնը չի ասֆալտապատվելու այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը չկա », - խոստացավ նա:

Զոհրաբյանի գլխավորած քայլերթն անտարբեր չանցավ զրուցարաններում նարդի խաղացող բնակիչների կողքով: Բնակիչներին գործազրկության հարցն էր հուզում: Պարզվեց՝ գործող պատգամավորն էլ գործազուրկ հարազատներ ունի։

«Երկրի պրոբլեմներից է աշխատատեղերի խնդիրը, եթե ասեմ՝ էսօր լուծում ենք, սուտ կլինի, չեմ կարող նման խոստում տալ, իմ քրոջ երեխան էլ չի կարողանում էսօր աշխատանք գտնի․․․», - ասաց Զոհրաբյանը:

Խոսքը գործ դարձնելու կոչով այս օրերին երևանյան համայնքներում շրջող Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում բացառեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աջակցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կամ համախմբվի նրա շուրջ։

«Անընդհատ Ռոբերտ Քոչարյանի անունը դնում են շրջանառության մեջ՝ փորձելով կապել «Բարգավաճ Հայաստան»-ի հետ: 15 տարի էդ տրյուկն արեցին ու չհասկացան՝ ԲՀԿ-ն Ծառուկյանն է, մեր թիմն է, մեր ծրագրերը: «Բարգավաճ Հայաստան»-ի միջոցով նախկին որևէ պաշտոնյա չի գալու իշխանության, բացառում եմ համախմբումը Ռոբերտ Քոչարյանի շուրջ, բացառում եմ, միանշանակ», - ասաց ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված որակմանը, թե ի դեմս Փաշինյանի՝ «նոր Հայաստանը նոր բռնապետ է ստացել», Նաիրա Զոհրաբյանը հորդորեց պարզապես վերհիշել Քոչարյանի ղեկավարած տարիները։

«Մի հատ հիշենք, թե երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակ ինչ էր կատարվում Հայաստանում և նույն խոսքի, ազատության, և մարդու մտքի ու խղճի ազատության առումով: Կան մարդիկ, որոնք խոսելու իրավունք ընդհանրապես չունեն», - ասաց Զոհրաբյանը: