Չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը, ինչը կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահների հետ հանդիպման ժամանակ։
ԿԲ նախագահները Հայաստանում են դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերի միջև սերտ փոխգործակցությունը՝ ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման նպատակով:
Վարչապետը հույս է հայտնել, որ ֆինանսական կառույցների ղեկավարների միջև կշարունակվեն արդյունավետ ու կառուցողական քննարկումները՝ ի նպաստ համագործակցության զարգացման:
ԵԱՏՄ պետությունների ԿԲ նախագահները վարչապետին են ներկայացրել գործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը, որոնք կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսությունների, այդ թվում՝ կապիտալի շուկաների և առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը:
Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ: