«Իմ քայլը» դաշինքի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մեղադրում եմ միմյանց՝ «սև փիառ» անելու մեջ։ Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր՝ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն այսօր հայտարարեց՝ օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց դեմ: Ընդ որում, ըստ Տոնոյանի, դրան մասնակից են նաև նախարարությունների աշխատակիցներ և մոտ 1000 կեղծ օգտատերեր:
«Բազմաթիվ փաստեր արդեն իսկ ունենք մեր ձեռքի տակ և առաջիկայում պատրաստվում ենք այդ փաստերը ներկայացնել նաև եվրոպական կառույցներին: Մասնավորապես, Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը՝ Միյատովիչը, այդ փաստերը նաև նրան են ներկայացվելու: Թեկնածուի հասցեին ամենակոպիտ, վիրավորական ձևակերպումներ, նրա մտերիմների, ազգականների հասցեին սպառնալիքներ, կոչեր: Կարող եմ վստահաբար ասել, որովհետև այդ փաստերը կան: Նախարարությունների աշխատակիցների անձնական էջերում համատարած ատելություն, ագրեսիա են քարոզում կոնկրետ Նաիրա Զոհրաբյանի հետ կապված»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով, հենց այդ իրավիճակին է երեկվա հանրահավաքում անդրադարձել Նաիրա Զոհրաբյանը, ասելով՝ ԲՀԿ-ին մեղադրում են իշխանության հետ կապեր ունենալու մեջ, մինչդեռ հենց Սերժ Սարգսյանի մերձավորներն են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում տեղ գտել: «Բարգավաճ Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը երեկ բավական սուր քննադատության էր ենթարկել «Իմ քայլը» դաշինքին և նրա թեկնածու Հայկ Մարությանին՝ նրան հորդորելով չթաքնվել Նիկոլ Փաշինյանի թիկունքում։
«Հիմա մե՞նք ենք սերժական, ռոբական, թե՞ դուք: Թե՞ կարծում եք փողոցներում, հարթակներում ճղճղալով, հիստերիկ շարժումներ անելով՝ կարողանալու եք երկար ժամանակ խաբել էս ժողովրդին: Բավական եղավ: Չէինք խոսա այդ ամենի մասին, եթե դուք չանցնեիք բարոյականության, տղամարդկության, արժանապատվության բոլոր սահմանները»,- ասել էր ԲՀԿ թեկնածուն:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօրվա ճեպազրույցում կրկին անուններ տվեց, շեշտելով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում տեղ են գտել նախկին իշխնությունների հետ սերտ առնչություններ ունեցող անձինք: «Վիկտոր Մնացականյան, չորրոդ հորիզոնականն է զբաղեցնում և հանդիսանում է Միքայել Մինասյանի սանիկը: Իզաբելա Աբգարյան, նախկինում ՊՈԱԿ-ում է աշխատել, նախագահականում, լրատվական բաժնում: Հակոբ Բալայան, Զորի Բալայանի՝ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականի զարմիկն է: Ամբողջական ցանկը և չակերտները դեռևս չենք բացում»,- ասաց Էնֆիաջյանը:
Ընտրակաշառք բաժանողները պետք է «քշվեն Հայաստանից»․ Լենա Նազարյան
Մինչդեռ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագրից» Լենա Նազարյանը հակադարձում է «Բարգավաճ Հայաստանին»՝ հիշեցնելով կուսկացության անցյալն ու նախկին իշխանությանը մշատպես սատարելու քաղաքականությունը․ ««Ծառուկյան» դաշինքը ապրիլի 17-ին 9 պատգամավորով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել Հանրապետական կուսակցության հետ: 2008 թվականի մարտի 21-ին: Ինչպես նաև տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել Երևանում մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու որոշմանը: Եվ այս ամենից հետո իրենք մեզ ինչ-որ մեղադրանքներ են ներկայացնում՝ Հանրապետականի հետ համագործակցության»:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքի հրապարակած ցուցակին, ապա Նազարյանը միայն Վիկտոր Մնացականյանի մասով հաստատեց, որ նա Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի սանիկն է, բայց, ի պատասխան լրագրողի հարցին, շեշտեց՝ Մնացակյանը Միանսյանի հետ չի պահպանել քավոր-սանիկական ջերմ հարաբերություններ։ «Որքան որ ես տեղյակ եմ, նա Միքայել Մինասյանի սանիկն է եղել շատ ավելի վաղուց, քան Միքայել Մինասյանը դարձել է այն անձը, որի մասին մենք, տարբեր պատկերացումներ ունենալով, գիտենք:
Հատուկ ուզում եմ նշել, որ այդ մարդը շատ հայտնի է Երևանում իր բարեգործական և Երևանի զարգացման ծրագրերով, միևնույն ժամանակ, շատ ակտիվ մասնակցել է հեղափոխությանը: Դրա վերաբերյալ կան տեսանյութեր, հայտնի գորգերով ճանապարհ փակելու տեսանյութի մասին է խոսքը»,- ասաց Լենա Նազարյանը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում արած հայտարարությունները, մասնավորապես, «ասֆալտին փռելու», «Հայաստանում իրավիճակը լարողներին լարելու» մասին, չեն վկայում, որ հետապնդումներ են իրականացվում, և սկսվել է «վհուկների որս»: Ի պատասխան, Լենա Նազարյանն ասաց՝ պետք է հասկանալ այդ հայտարարությունների ենթատեքստը․ Փաշինյանի կոշտ հայտարարություններն ուղղված են այն քաղաքական գորիչներին և անձանց, ովքեր գործում են հեղափոխության արժեքներին դեմ: «Ելք» խմբակցության ղեկավարը շեշտեց՝ եթե կլինեն գործիչներ, ովքեր կփորձեն ընտրակաշառք բաժնել, ապա նրանք պետք է «քշվեն Հայաստանից»:
«Մենք խոստացել ենք արդար ազատ ընտրություններ, և եթե կլինեն մարդիկ, քաղաքական գործիչներ, ընտրակաշառքի բաժանման կազմակերպիչներ, ապա նրանք, ըստ էության, վտանգում են ընտրությունների օրինականությունը և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան: Նաև, այո, քշվեն Հայաստանից: Բնականաբար, օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկվելու մասին է խոսքը»,- ասաց Նազարյանը: