Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի հատվածում ևս հնչել են կրակոցներ. ՀՀ ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ևս հնչել են կրակոցներ՝ միևնույն ժամանակ նշելով, որ նախորդ օրերի համեմատ կրակոցները Տավուշի ուղղությամբ ավելի քիչ են եղել։

«Համեմատաբար հանգիստ, քիչ կրակոցներով նախորդ օրերին համեմատ: Եղել է հիմնականում Տավուշում՝ առանց հետևանքների: Զորքը ընդհանրապես չի տուժել», - ասաց Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ընդհանուր առմամբ Հայաստանի պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։

Ըստ ՊՆ-ի, ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով։

«Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին», - ասել էր Հովհաննիսյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի կեսգիշերին՝ 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.): Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կոթի գյուղի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանն «Ազատությանը» փոխանցեց, որ գիշերը կրակոցներ են հնչել գյուղի ուղղությամբ, համայնքը նյութական վնասներ է կրել և այժմ զբաղված են վնասները հաշվարկելով:

Մելիքյանի փոխանցմամբ, իրավիճակը լարվել է սեպտեմբերի սկզբից․ - «Էդ կրակոցի պահը զգալ ա պետք, երբ դու տղա ես, քո անչափահաս երեխան էլ կողքդ ա, ու ցանկացած պահի կարա, Աստված չանի, նրա հետ ինչ-որ բան պատահի: Էդ արդեն սովորական համարելը չգիտեմ ինչքանով ա ճիշտ»:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Ադրբեջանի վարքագծին․ - «Մենք մշտապես ընդգծում ենք այն կարևոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ մեզ բոլորիս համար բացառապես խաղաղ կարգավորումը բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում․․․ այս կարևորագույն գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացվելիք են, երբ որ մենք նաև աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: Այն, ինչ որ կատարվել է այս շրջանում, որևէ կերպ չի նպաստում նման միջավայրի ձևավորմանը՝ թե՛ հռետորաբանության իմաստով, թե՛ առավել ևս գործողությունների առումով: Դատապարտելի է և անընդունելի, որ մենք ունենք լարվածության նշաններ, մենք ունենք խաղաղ բնակիչներին թիրախավորելու գործողություններ»:

«Ազատության» հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ վերջին օրերի լարվածության մասին տեղեկացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբին և միջազգային այլ կառույցների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Սեփխանյանի հետ։

«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես», - գրել էր Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։