Բեռնը Մոսկվայից պահանջել է դադարեցնել լրտեսական ակտիվությունը

Շվեյցարիայի կառավարության շենքը Բեռնում

Շվեյցարիան Ռուսաստանից պաշտոնապես պահանջել է «դադարեցնել լրտսեական ակտիվությունը»:

Բեռնում արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել այդ հայտարարությամբ այն բանից հետո, երբ անցած օրերին գրանցվել է ռուսների կողմից լրտեսական առնվազն երկու միջադեպ:

Նախարարությունը չի նշել, թե խոսքն ինչ ակտիվության մասին է, սակայն շվեյցարական մամուլը հաղորդել է, որ Շպից քաղաքում ռուս լրտեսները փորձել են տվյալներ ստանալ «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութն ուսումնասիրող գիտական լաբորատորիայի մասին:

Ըստ բրիտանացիների, ռուսական հատուկ ծառայությունների գործակալները հենց այդ նյութով են փորձել այս տարվա մարտին Սոլսբերիում սպանել ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային:

Շվեյցարական լաբորատորիան ուսումնասիրում է նաև քիմիական զենքը, որը Ռուսաստանի դաշնակից Սիրիան ենթադրաբար կիրառել է քաղաքացիական պատերազմի ընթացքում:

Շվեյցարիան արդեն երրորդ անգամ է հրավիրում ռուսաստանի դեսպանին և բողոք ներկայացնում ռուսների լրտեսական ակտիվության մասին:

Սեպտեմբերի 15-ին Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է Հոլանդիայի պատկան մարմինների հաղորդագրությունն այն մասին, որ Հոլանդիայում ձերբակալվել և արտաքսվել են երկու ռուսաստանցիներ, ովքեր փորձել են հայթայթել շվեյցարական լաբորատորիայի աշխատանքին առնչվող տեղեկություններ: