Իսրայելի հայ համայնքը փորձում է Ադրբեջանին արդիական զենքի վաճառքի հարցը կրկին բարձրացնել Քնեսետում

Սեպտեմբերի 13֊ին Բաքու այցելեց Իսրայելի պաշտպանության նախարար, կոալիցիայի մաս կազմող ու ռուսախոս հրեաներին ներկայացնող «Իսրայել Բեյտեյնու» (Մեր տունն Իսրայելն է) կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանը:

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, նրան ջերմորեն ընդունել էին երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Լիբերմանը հանդիպել էր նաև Ադրբեջանի պաշտպանության, ներքին գործերի ու արտաքին գործերի նախարարների հետ:

Իսրայելական Jerusalem post պարբերականն էլ, անդրադառնալով այցին, նշել է, թե վերջին երկու տարվա ընթացքում, ըստ Ստոկհոլմի Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի տվյալների, Ադրբեջանը շուրջ 385մլն ԱՄՆ դոլարի զենք և զինամթերք է ձեռք բերել Իսրայելից:

2016թ.֊ի դեկտեմբերին Ադրբեջան կատարած իր պաշտոնական այցի ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնապես հայտարարել էր, որ Իսրայելը հինգ մլրդ ԱՄՆ դոլարի ժամանակակից զենք ու զինամթերք է վաճառել Ադրբեջանին:

Jerusalem post֊ի հոդվածում հրեա վերլուծաբան Հերբ Կեյնոնը գրում է, թե անցյալ տարի Իսրայելի ռազմական արտադրանքի արտահանման 13 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին, իսկ արտահանման հարցում առաջատարը Հնդկաստանն է:

Իսրայելում հայկական համայնքն ուշի֊ուշով հետևում էր Լիբերմանի Կովկասյան հանդիպումներին։ Հայ Դատի Երուսաղեմի գրասենյակի պատասխանատուներից՝ պատմական գիտությունների դոկտոր Ժորժետ Ավագյանը հիշեցնում է, որ 2016֊ի ապրիլյան պատերազմից հետո հայերը բողոքի ցույց անցկացրեցին, բազմաթիվ հաղորդագրություններ, հայտարարություններ հնչեցին, որպեսզի Իսրայելը արդիական զենքեր չվաճառի Ադրբեջանին:

«Լիբերմանը վաճառական է», ֊ նշեց Ավագյանը՝ մանրամասնելով, որ պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ «Մերեց» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Տամար Զանդբերգի հետ, որպեսզի այս կուսակցության միջոցով փորձեն հարցը կրկին Քնեսետում բարձրացնել:

Այս փետրվարին Քնեսետում քննարկված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Մերեցի» պատգամավորները Լիբերմանին մեղադրել էին Ադրբեջանին զենքի վաճառքի գործարքների հետ կապված փողերի լվացման մեջ: Այդուհանդերձ, փոքրաթիվ պատգամավորական այս խմբակցությանը չէր հաջողվել հասնել այն բանին, որ Լիբերմանի դեմ նոր հետաքննություն սկսվի։ Ավելի վաղ Լիբերմանի գլխավորած «Իսրայել Բեյտեյնու» կուսակցության որոշ անդամներ փողերի լվացման ու կաշառակերության հոդվածներով դատապարտվել էին, ինչպես օրինակ զբոսաշրջության նախկին նախարար Ստաս Միսեժնիկովը, ով անցյալ շաբաթ է ազատվել բանտից:

Հավելենք, որ Լիբերմանի կուսակցության անդամները նաև Իսրայելում գործող ու Ադրբեջանի Հեյդար Ալիևի միջազգային հիմնադրամից սնվող «Ազիզա» Ադրբեջան֊Իսրայել միջազգային ասոցիացիան են ղեկավարում, իսկ նրա կուսակից Ռոբերտ Իլատովը Քնեսետում Իսրայել֊Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է: