Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հարցում. Էրդողան

«Ադրբեջանի ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, Ադրբեջանի ցավը Թուրքիայի ցավն է», ֊ երեկ Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով թուրքական Կովկասյան բանակին նվիրված հեծելազորի շքերթին:

Ընդգծելով, որ Թուրքիան Ադրբեջանի կարևորագույն գործընկերն է` հատկապես քաղաքական և ռազմական ոլորտներում, Էրդողանը հավաստիացրել է, թե Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանի ջանքերին վերջինիս համար ամենածանր խնդիրը՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հարցում:

«Եկել է ժամանակը վերջ դնելու մեր ավելի քան մեկ միլիոն եղբայրների սպասումներին, ովքեր տարիներ շարունակ ապրում են հայրենիքի կարոտով: Նրանք, ովքեր բռնազավթած են պահում եղբայրական Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, իզուր են մեզանից սահմանի բացում ակնկալում: Թուրքիայի դիրքորոշումը տվյալ հարցում հայտնի է, հստակ և ճշգրիտ», ֊ հայտարարել է Թուրքիայի նախագահը և հավելել. ֊ «Առաջինը այդ հարցում պետք է քայլ ձեռնարկի օկուպանտը»:

Ռեջեփ Էրդողանը միևնույն ժամանակ շեշտել է, թե Թուրքիան ցանկանում է բարելավել կամ «շարունակել բարի կապերը» բոլոր հարևանների հետ, սակայն, նրա խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիսանում է Հայաստանի հետ կապերի վերսկսման կարևորագույն պայման: