Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հերքում է «Հյուրիյեթ» պարբերականի հրապարակած տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և դիմել սահմանն անցած թուրք պատանուն հանձնելու խնդրանքով։
«Նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել», - ընդգծեց Բալայանը «Ազատության» հետ զրույցում։
Վերջին օրերին թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում 16-ամյա Ումութ Ալի Օզմենի պատմությունն է, ով, ըստ «Հյուրիեթ» պարբերականի, մոտ երկու ամիս առաջ հատել է հայ-թուրքական սահմանը և բերման ենթարկվել հայ իրավապահների կողմից։ «Հյուրիյեթ»-ի փոխանցմամբ` երեկ պարբերականի սյունակագիր Իսմայիլ Սայմազի «Բաց թողեք Ումութ Ալիին» հոդվածի լույս տեսնելուց հետո Էրդողանը թուրք պատանուն վերադարձնելու հարցով զանգահարել է Փաշինյանին, ով իբր համաձայնել է ազատ արձակել Ումութ Ալիին, և նա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը կվերադառնա տուն։ Աղբյուրի պնդմամբ, այս տեղեկությունը տղայի հորը՝ Մուստաֆա Օզմենին փոխանցել է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեհմեդ Ուչումը։
Մեկ այլ տեղեկության համաձայն, հայկական կողմը Ումութ Ալիին հանձնել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը։ Այս մասին «Հյուրիյեթ»-ին ասել է տղայի հայրը։ Մուստաֆա Օզմենի խոսքով՝ իրեն Ստամբուլից են զանգահարել և հայտնել, թե որդուն փոխանցել են Թբիլիսիի թուրքական դեսպանատուն, սակայն այս տեղեկությունը չի հաստատել, քանի որ դեռ չի կարողացել կապվել որդու հետ։
Հայտնի է նաև, որ Ումութ Ալիին տուն վերադարձնելու հարցին լուծում տալու ակնկալիքով թուրքական Մեջլիսի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը դիմել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանին։ Վերջինս խոստացել է օգնել, նաև հանդիպել Ումութ Ալիին։ «Ազատությանն» այսօր չհաջողվեց կապ հաստատել Ախոյանի հետ։
Ըստ «Հյուրիյեթ»-ում հրապարակված հոդվածի՝ Ումութ Ալի Օզմենը 45 օր է պահվում է հայկական բանտում՝ հուլիսի 24-ին Կարսում որսի ժամանակ հայ-թուրքական սահմանը հատելու պատճառով։