Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին:
Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները:
Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա:
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը:
Ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել է երկու տարի առաջ՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար:
Ջերմուկ քաղաքի և հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ արդեն մի քանի ամիս է փակ են պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները: Նրանք պնդում են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել բնապահպանական աղետի: «Լիդիան Արմենիա»-ն վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա:
Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, «Լիդիան Արմենիա»-ում իրականացված ստուգման արդյունքներով, բնապահպանության նախարարությանն առաջարկել է ուժը կորցրած ճանաչել 2016 թվականի ապրիլին հաստատված պետական փորձաքննական եզրակացությունը և «Լիդիան Արմենիա»-ին հանձնարարել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև նոր փորձաքննության իրականացումը:
Խնդիրը քննարկվել է նաև օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ վարչապետի հանդիպման ժամանակ: