Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց վարչապետի խոսնակ Արման Եղոյանը, Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Ֆրակոֆոնիայի գագաթնաժողովին և դրա շրջանակում առաջին անգամ կազմակերպվելիք բիզնես ֆորումին վերաբերող հսրցեր, անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը կարևորել են խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ֆրանսիական հարաբերությունները ամբողջ ծավալով քննարկել հոկտեմբերին: Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Էմանյուել Մակրոնը գալու է Հայաստան և դա միաժամանակ լինելու է նաև Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան:
Վարչապետ Փաշինյանը այսօր նաև այցելեց Փարիզի քաղաքապետարան: Քաղաքապետի հետ առանձնազրույցից հետո կողմերը հանդես եկան ելույթներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հայկական թավշյա հեղափոխությունը սկսվեց հենց Ֆրանսիայի հրապարակից և ամբիոնի հետևում Ռոդենի քանդակն էր: - «Դա խորհրդանիշ էր, թե ինչպես պետք է, պահպանելով այդ քանդակը, խաղաղ գործողություններ կատարել առանց ուժի գործադրման», - նշեց նա:
Փարիզի քաղաքապետը իր հերթին հիացմունքով խոսեց, որ Նիկոլ Փաշինյանի թիկունքում երիտասարդությունն է, որը Հայաստանում իրականացրեց Թավշյա հեղափոխությունը:
Վարչապետը ֆրանսիական «Քարֆուր» սուպերմարկետի օրինակը բերեց՝ նշելով, որ այն լինելով դաշտում միակ օրինական գործող մեծ խանութը` աստիճանաբար փոքրացել ու հասել էր փակման եզրին: Բայց հիմա, ըստ Փաշինյանի, ստեղծված են բոլոր պայամանները, որ «Քարֆուր»-ը ընդարձակի գործունեությունը Հայաստանում: