Ալիևը հայտարարում է, թե «արտաքին ուժերը» սպառնում են երկրի անվտանգությանը

Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հայտարարել է, թե արտաքին ուժերը փորձում են Ադրբեջանի դեմ դավադրություններ կազմակերպել: «Սակայն մեր քաղաքական կամքի և տնտեսական պոտենցիալի շնորհիվ թույլ չենք տա, որ Ադրբեջանը ներքաշեն որևէ արկածախնդրության կամ ազգային շահերին հակասող գործողությունների մեջ»,- Մաշթաղի ավանի թիվ 28 միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Ալիևը:

Վերջինս, սակայն, չի հստակեցրել՝ հատկապես որ արտաքին ուժերի ու ինչ արկածախնդրության մասին է խոսքը: Փոխարենը նա ասել է՝ աշխարհի տարբեր կետերում արյունահեղություններ, հեղափոխություններ և ճգնաժամեր են տեղի ունենում, «մինչդեռ Ադրբեջանում իշխում է կայունությունը, անվտանգությունը, լուծվում են բոլոր սոցիալական և տնտեսական խնդիրները, ամրապնդվում է բանակը»: