Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ասուլիսից են տեղեկացել, որ Քոչարյանի հետ կապված նոր քրեական գործ է հարուցվել, այս անգամ՝ փողերի լվացման առթիվ: Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն այսօր, «Ազատության» հետ զրույցում, շեշտեց՝ մինչ այս պահը տեղյակ չեն, թե այդ ինչ գործ է և ում դեմ է հարուցված: Ավելին՝ փաստաբանն ընդհանրապես կասկածի տակ դրեց նման քրգործի առկայությունը, ասելով․
«Մենք միչև հիմա էլ համոզված չենք, որ հարուցված է նման քրեական գործ: Կիմանաք, երբ կլինեն ծանուցումները, կարգավիճակները, կտեսնենք՝ ում հանդեպ է: Ռոբերտ Քոչարյանի հետ այս նոր գործը չենք քննարկել, որովհետև չգիտենք, թե ինչ գործ է: Երբ պարզ կլինի՝ կքննարկենք»,- ասաց Օրբելյանը:
Այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ևս մեկ քրեական գործ կա, հանրությունը տեղեկացավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո՝ Արթուր Վանեցյանի հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ, երբ վերջինս հայտարարեց, թե ունեն հիմնավոր ապացույցներ, սխեմա, թե ինչպես է Քոչարյանի ընտանիքը դարձել տարբեր ընկերությունների, այդ թվում՝ «Կոնգրես» հյուրանոցի սեփականատերը: Ըստ ԱԱԾ տնօրենի, մոտ 10 օր առաջ հարուցվել է քրեական գործ՝ փողերի լվացման առթիվ, և այդ գործում ներգրավվելու է Ռոբերտ Քոչարյանը՝ թե ինչ կարգավիճակով, Վանեցյանը չմանրամասնեց:
«Փաստերով կխոսենք, կհրապարակեմ՝ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել․ ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում, մնացած այլ ունեցվածքները: Ունենք սխեման՝ ոնց է գալիս և հասնում, և Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում է սեփականատեր: Ունենք գումարի սկզբնաղբյուրը, որտեղից այդ գումարը ի հայտ եկավ և ոնց այդ գումարը փոխանցվեց Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին: Մնացած գույքերը, որն իրենց է պատկանում, շատ շատ է, բայց ես հիմա ինչու չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, 1 շաբաթ – 10 օր առաջ, փողերի լվացումով է հարուցվել, Քոչարյանն անպայման ներգրավվելու է: Խոսքը հարյուր միլինավոր դոլարների մասին է»,- ասուլիսում հայտարարել էր ԱԱԾ տնօրենը:
Նրա այս հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը գործի հետ կապված հավելյալ տեղեկություններ չի ներկայացրել, փոխարենը՝ Ռոբերտ Քոչարյանը Yerevan Today -ին տված հարցազրույցում «անհեթերություն» է որակել ԱԱԾ տնօրենի հայտարարությունը, պնդելով, թե ինքն անձամբ երբեք բիզնեսով չի զբաղվել: Ի դեպ՝ Քոչարյանը նաև զգուշացրեց ՝ կգա ժամանակը և այդ հայտարարությունն անողը պատասխան կտա այս ամենի համար:
«Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, և որոշակի հաջողությունների հասել են: Բայց ինչ որ ունի իմ ընտանիքը, ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են ՀՀ պետռեգիստրում, և այստեղ որևէ գաղտնիք չկա: Խոսքն, իհարկե, չի գնում միլիարդների մասին կամ հարյուրավոր միլիոնների մասին: Եվ կարծում եմ՝ կգա ժամանակը, որ այդ հայտարարություն անողը պատասխան է տալու իր հայտարարությունների համար:
Ինչ վերաբերում է կոնկրետ մեղադրանքին՝ «Կոնգրես» հյուրանոցի մասին, հյուրանոցը ձեռք է բերվել 2014-2015 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող էր էստեղ լինել․ մարդիկ ուղղակի փրփուրներից կախված, հիստերիկ վիճակում, փորձում էին ինչ-որ բաներ ասել՝ ժողովրդի ուշադրությունը շեղելու համար»,- հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Այն, որ Քոչարյանը ներգրավված է եղել կոռուպցիոն սխեմաներում, իրավապաշտպան Արթուր Սաքունցը չի էլ կասկածում, սակայն շեշտում է ՝ կազմակերպված հանցագործություններին առնչվող քրեական գործերը քննելիս առավել, քան զգոն պետք է լինել, խոստորեն պահպանել ընթացակարգերը, հաշվի առնելով, թե ում հետո գործ ունեն: Ըստ Սաքունցի, մարդիկ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են պետության հանդեպ հանցագործություն կատարելու մեջ, ունեն լուրջ ռեսուրսներ՝ ոչ միայն պաշտպանվելու, այլև նախաքննության մարմինների աշխատանքը խոչընդոտելու համար:
«Ես չեմ կարծում, թե նման բնույթի որևէ հանցագործություն հնարավոր չի լինի բացահայտել, ինչքան էլ այն դժվար լինի: Պարզապես պետք է շատ մեծ պրոֆեսիոնալիզմ, համբերություն, զսպվածություն, հետևողականություն և գրագիտություն: Եվ այս ամենը պետք է իրականացնել, չունենալով սխալվելու իրավունք, որպեսզի առիթ չտրվի, որ երկրորդական-երրորդական նշանակության բացթողումների, թերությունների հիման վրա կասկածի տակ դնեն քրեական գործի օբյեկտիվությունը»,- «Ազատությանն» ասաց իրավապաշտպանը: