Ռուսաստանի իրավապահ մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկի Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի նկատմամբ, որոնց Մեծ Բրիտանիան մեղադրում է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու մեջ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Պետրովն ու Բոշիրովը Ռուսաստանի տարածքում որևէ օրենք չեն խախտել, և Կրեմլին «հայտնի չէ՝ արդյո՞ք նրանք օրենք են խախտել այլ երկրներում»: Ինչ վերաբերում է նրանց հարցաքննելուն, ապա ռուսաստանյան իշխանությունները կարող են այդ հարցը քննարկել միայն այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիայից պաշտոնական դիմում ստանան:
Վլադիմիր Պուտինի խոսնակը նաև ասել է, որ ո՛չ ինքը, ո՛չ Ռուսաստանի նախագահը չեն դիտել այդ անձանց հարցազրույցը RT հեռուստաընկերությանը
Ռուսաստանի պետբյուջեից ֆինանսավորվող հեռուստաընկերության եթերում երեկ Պետրովն ու Բոշիրովը հերքել են իրենց մասնակցությունը Սկրիպալների թունավորմանը, պնդելով, թե Սոլսբերի էին մեկնել որպես զբոսաշրջիկներ՝ «աշխարհահռչակ տաճարը տեսնելու»:
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները: