«Կա արդեն տիրող համապետական վիճակ՝ շատ լարված». Րաֆֆի Հովհաննիսյան

«Մենք հավատում են, որ Երևանի գիտակից քաղաքացին ուզում է իրական այլընտրանք», - այսօր քարոզարշավի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը վստահ է՝ այս ընտրությունները կլինեն տեխնիկապես շատ ավելի լավը, քան նախորդները։

«Բայց բովանդակային առումով կարծում եմ, թե իրապես հավասարը կլինի հաջորդը՝ 4-5 տարի հետո։ Ներկա դրությամբ կա արդեն տիրող համապետական վիճակ՝ շատ լարված։ Մենք իրապես համաձայն չենք սևերի և սպիտակների տարբաժանմանը, թեև մենք ընդունում ենք որպես հեղափոխության նոր Հայաստանի նվիրյալ ուժ, որ հակահեղափոխության ռևանշի վտանգը դեռ կա։ Դրա համար մենք համաժողովրդական լուծումների կողմնակից ենք, բայց բոլոր դեպքերում հավասար լինի, թե անհավասար, մենք այդ այլընտրանքը պետք է տանք ժողովրդին և հույս ունենք, որ անգամ ինքն անակնկալ կմատուցի իրեն», - ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ բարձրաձայնում են այն ամենը, ինչի մասին լսում ու ինչ տեսնում են։

«Մենք լսել ենք քաղաքացիներից, որ անգամ այս ոչ վախի պայմաններում չեն ուզում անուններ տալ, հետաքրքիր է: Բայց ցուցակագրումներ, աշխատավարձերի միջոցով բազմանդամ ընտանիքների ներգրավում այս կամ այն կուսակցության քարոզարշավում, գոնե նվազագույն մեկ ուժի մոտեցումը միջնակարգ դպրոցների և մանկահասակ, մեր անչափահաս երեխաների օգտագործումը որպես սուրհանդակներ իրենց քարոզչանյութերի՝ սրանք հարցեր են, և ես հուսով եմ, որ իրավապահ մարմինները տիրապետում են այդ տեղեկատվությանը», - ասաց «Ժառանգության» հիմնադիրը։

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրն է։ Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։