Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, սա երկրորդ օրն է։
Երևանի ժամանակով ժամը 15-ի սահմաններում Ելիսեյան պալատում տեղի կունենա Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։ Նախատեսված է աշխատանքային ճաշ։
Հիշեցնենք՝ երկու երկրների ղեկավարներն առաջին անգամ հանդիպել են Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Հաջորդ ամիս՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, Մակրոնն է գալու Հայաստան։
Աշխատանքային այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Երեկոյան ընթրիքի ժամանակ նա տեղի հայերին ասաց, թե այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, «շատ պարզ բան է՝ ընդամենը Հայաստանի քաղաքացին սկսեց հավատալ ինքն իրեն․ դա է առանցքային փոփոխությունը»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այժմ Հայաստանում, ըստ էության, կառավարման նոր մոդել է՝ ուղիղ ժողովրդավարություն, մասնավորեցնելով՝ այսուհետև ավելի շատ գործի կդրվի ժողովրդական հանրաքվեների ինստիտուտը։
Վարչապետը երեկ Փարիզի կենտրոնում ծաղկեպսակ դրեց Կոմիտասի արձանի մոտ։ Այն Դավիթ Երևանցու քանդակած արձանն է, վեր է խոյանում Սենա գետի ափին՝ հենց Փարիզի սրտում։
Այսօր նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը Փարիզի քաղաքապետի հետ, իսկ ավելի ուշ Փաշինյանը կրկին կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ այս անգամ ավելի մեծ ֆորմատով. մոտ 800 մարդ է մասնակցելու այդ հավաքին։
Ֆրանսիան, լինելով Եվրամիության առանցքային երկրներից մեկը, ավանդաբար համարվել է բարեկամ երկիր Հայաստանի համար։ Ֆրանսիան օրենքի ուժով և բանաձևով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, անգամ նախաձեռնություն կար քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն ընդունված փաստաթուղթը մերժվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդում։