Մնացականյան․ Հայաստանում փոփոխությունները իրականացվել են ժողովրդի կողմից և ժողովրդի համար

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

«Ակնհայտորեն Հայաստանում հասարակական բողոքներն ի ցույց դրեցին մեր քաղաքացիական հասարակության զորությունը: Նրանք ցույց տվեցին Հայաստանի հասարակության էվոլյուցիան դեպի քաղաքական հասունության և իրավական գրագիտության առավել բարձր մակարդակը», - հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հինգշաբթի օրը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին իր ելույթում ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին հիմնարար ժողովրդավարական փոփոխությունները և ապագայի տեսլականը՝ Մնացականյանը ասել է․ - «Ապրիլին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան Հայաստանի տարբեր քաղաքների և ավանների փողոցներ՝ խաղաղ կերպով բարձրաձայնելու իշխանությունների և արդարադատությունն ու օրենքի գերակայությունը խաթարող բացասական երևույթների դեմ: Նրանք պահանջում էին հասարակական հարցերին անմիջական և լսելի մասնակցություն»։

«Հայաստանում փոփոխությունները խիստ ներքին բնույթ էին կրում և ակնհայտորեն պայմանավորված էին ներհայաստանյան իրողություններով: Դրանք իրականացվել են ժողովրդի կողմից և ժողովրդի համար, իսկ փոփոխության առաջնագծում կանգնած էին մասնավորապես կանայք և երիտասարդները։ Հայաստանը հպարտ է իր իրավունքների և ազատությունների համար լիարժեք պատասխանատվություն ստանձնած կենսունակ և գործունակ սերնդով», - հայտարարել է նախարարը:

«Խաղաղ զանգվածային հանրահավաքներից և իշխանության նույնքան խաղաղ փոխանցումից հետո ընտրվեց նոր կառավարություն: Նախորդ չորս ամիսների ընթացքում ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցության և մանդատի շնորհիվ կառավարությունը ձեռնամուխ եղավ բարեփոխումների օրակարգի իրագործմանը` ուղղված կայուն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և խթանմանը, ուժեղ և անկախ դատական իշխանությանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ վճռական պայքարին և բոլորի համար հավասար ու արդար պայմանների խթանմանը` թե՛ տնտեսական և թե՛ հասարակական կյանքում: Այս նպատակները գերակշռում են կառավարության ծրագրում», - արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Մնացականյանը:

Նա նաև շեշտել է, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումը կարևորագույն տեղ է զբաղեցնում կառավարության առաջնահերթությունների շարքում: «Մոտ մեկ շաբաթից կայանալու են մայրաքաղաք Երևանի համայնքային ընտրությունները: Կառավարությունը, խորհրդարանը և բոլոր համապատասխան հաստատությունները պատրաստում են անհրաժեշտ իրավական փոփոխություններ և ինստիտուցիոնալ կարողություններ երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, որոնք կամրապնդեն Հայաստանի ժողովրդավարական վերափոխումը և ճշգրտորեն կարտացոլեն ներկայիս քաղաքական համայնապատկերը: Այս բոլոր բարեփոխումների իրականացումը դյուրին գործ չէ, իհարկե, առկա են բազմաթիվ մարտահրավերներ: Այնուամենայնիվ, բարեփոխումների գլխավոր նպատակը իշխանության վճռական քաղաքական կամքն է՝ ամրապնդված ժողովրդի ուժեղ մանդատով: Այս բոլոր առաջնահերթություններում Հայաստանը հաջողությամբ և արդյունավետ համագործակցում է իր բոլոր միջազգային գործընկերների հետ», - ասել է Զոհրաբ Մնացականյանը:

«Ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար կենսական նշանակություն ունի»

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ նախարարը հայտարարել է․ - «Հայաստանը և հայ ժողովուրդը եղել են Ադրբեջանի կողմից զանգվածային և սիստեմատիկ ատելության և այլատյացության հռետորաբանության մշտական թիրախ: Ադրբեջանական պետական քարոզչությունը ոչ միայն թիրախավորված քաղաքականության հետևանք է, այլև թույլ ժողովրդավարական ինստիտուտների, ազատ մամուլի բացակայության և մարդու իրավունքների ցածր մակարդակի հետևանք: Մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ ուղղված ռազմական հռետորաբանության հաճախակիացման և ագրեսիվ ռազմատենչության միջև անմիջական կապին: 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում իրականացված հանցագործությունները վերահաստատում են ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը: Այս իրավունքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար կենսական նշանակություն ունի»:

«Մենք պետք է ընդունենք այն տարածքների և ժողովուրդների գոյությունը, որոնք պայքարում են իրենց իրավունքների, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Ինքնորոշման և դրա հետ փոխկապակցված իրավունքների ճանաչումը և դրանց նկատմամբ հարգանքը լուրջ փորձառություն են ՄԱԿ-ի և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի համար: Մինչդեռ, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի, նրա նոր կառավարության վճռական հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ և բանակցային հանգուցալուծմանը` միջազգայնորեն համաձայնեցված միակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Հայաստանը վերահաստատում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանև խթանման կարևորությունը: Հայաստանը նաև ընդգծում է Արցախի ժողովրդի կարգավիճակի և անվտանգության հարցերի ծայրահեղ առաջնահերթություն լինելու հանգամանքը», - հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:

Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բացման խոսքով է հանդես եկել Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկմանը, հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ: