Սկրիպալների գործով մեղադրյալներ Պետրովն ու Բոշիրովը հարցազրույց են տվել Russia Today-ին

Սկրիպալների գործով որպես մեղադրյալներ անցնող Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը երեկ Պուտինի կոչից հետո զանգել են Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և առաջարկել են նրան հարցազրույց տալ:

Հարցազրույցում Պետրովն ու Բոշիրովը պնդում են, որ բրիտանական կողմի հրապարակած լուսանկարներում իրենք են, որ իրենք իսկապես մարտի 3-ին և 4-ին այցելել էին Սոլսբերի քաղաք, սակայն սրա հետ մեկտեղ պնդում են նաև, որ շարքային գործարարներ են, ֆիթնես ոլորտում են աշխատում, Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության հետ որևէ կապ չունեն: Նրանք հայտարարել են, որ Սոլսբերի են այցելել որպես զբոսաշրջիկ, որովհետև այնտեղ կա հիասքանչ տաճար և աշխարհի ամենահին ժամացույցը:

Պետրովն ու Բոշիրովը պնդում են, որ որևէ կապ չունեն Սկրիպալների թունավորման հետ, և այն, որ տեսախցիկները իրենց նկարահանել են Սկրիպալների բնակարանի մոտ, պարզապես պատահականություն է:

«Մարտի 3-ին Լոնդոնում և մերձակայքում կոլապս էր, դրա պատճառով չկարողացանք այցելել տաճար ինչպես պլանավորել էինք, դրա համար նորից այցելեցինք տաճար մարտի 4-ին», ֊ պնդել են նրանք:

Երիտասարդ տղամարդիկ, ում բրիտանական ոստիկանությունը մեղադրում է Սկրիպալներին թունավորելու մեջ, հայտարարել են, որ հանրային մարդիկ չեն և վախենում են իրենց կյանքի համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանի իշխանություններին հայտնի է, թե ովքեր են այն մարդիկ, ում բրիտանական իշխանությունները կասկածում են Սկրիպալներին թունավորելու մեջ և այդ տղամարդկանց կոչ էր արել ներկայանալ լրատվամիջոցներին: Պուտինի այս կոչից հետո՝ նույն օրը, այդ տղամարդիկ զանգել են Կրեմլին թերևս ամենամոտ կանգնած հեռուստաընկերության գլխավոր խմբագրին և առաջարկել հարցազրույց տալ:

Թերեզա Մեյը սեպտեմբերի 5-ին բրիտանական պառլամենտում հայտարարել էր, որ Պետրովն ու Բաշիրովը ռուսական հետախուզության նախկին աշխատակից են, և որ մեծ հավանականություն կա, որ Սկրիպալներին թունավորելու առաջադրանք նրանք ստացել են Ռուսաստանի ղեկավարությունից:

Պետրովին ու Բաշիլովին բրիտանական կողմը մեղադրանք է ներկայացրել, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան բրիտանական կողմի հետ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է, որ այդ թունավորման հետևում ամենայն հավանականությամբ Ռուսաստանի ղեկավարներն են կանգնած: