Ռուս այլախոհ արվեստագետը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, կասկածներ կան, որ նա թունավորվել է

Պյոտր Վերզիլովը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Ռուսական այլախոհական «Վոյնա» արտ խմբի անդամ, ինչպես նաև Pussy Riot փանք ռոք խմբի ոչ պաշտոնական խոսնակ Պյոտր Վերզիլովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ընկերները կասկածներ ունեն, որ նա թունավորվել է:

Ընկերներից մեկը պատմել է, որ Վերզիլովը կորցրել է տեսողությունը, հետո չի կարողացել խոսել և տեղաշարժվել:

Պյոտր Վերզիլովը հայտնի դարձավ իր խմբով 2000 թվականին: Նրա նախկին կինը՝ Նադեժդա Տոլոկոննիկովան աղմկահարույց Pussy Riot խմբի անդամներից է:

Ամիսներ առաջ Վերզիլովը Pussy Riot-ի անդամների հետ 15-օրյա կալանքի էր դատապարտվել՝ Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղն ընդհատելու համար: Ֆրանսիա-Խորվաթիա հանդիպման ժամանակ ակտիվիստները մի քանի րոպեով վազել էին խաղադաշտ՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, ընդդիմության դեմ հալածանքները դադարեցնելու պահանջով: