Պեսկով․ Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան

Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունում է Հայաստանի վարչապետին, Մոսկվա, 8-ը սեպտեմբերի, 2018թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին «Իզվեստիա» պարբերականին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այցի ճշգրիտ ժամկետները դեռևս որոշված չեն: «Ժամկետները կհամաձայնեցվեն», - ասել է Պեսկովը:

«Իզվեստիա»-ն նշում է, որ սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Մոսկվա, որտեղ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտնել է, որ Ռուսաստանի նախագահին հրավիրել է Երևան և ակնկալում է, որ նա պաշտոնական այց կկատարի մոտ ժամանակներս:

«Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան սպասվում է մինչև տարվա վերջ կամ եկող տարվա սկիզբ:

«Իզվեստիա»-ն նշում է նաև, որ սեպտեմբերի վերջին ծրագրված է Ռուսաստանի նախագահի այցը Ադրբեջան: