Քոչարյանի գնահատմամբ, Մարտի 1-ի գործով իշխանությունների միակ նպատակն է իրեն «փակել»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցը ապացուցում է, որ «կատարվել է հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա»:

Գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:

«Մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել», - Yerevan.Today–ին տված հարցազրույցում հայտարարել է Քոչարյանը:

«Եվ ամենից զարմանալին գիտե՞ք ինչն էր ինձ համար՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Դա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրոխորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով», - նաև ասել է Քոչարյանը:

«Հայաստանում այլևս երբեք չի կարող լինել բռնակալ կամ բռնապետ»

Քանաքեռ-Զեյթունում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին միացած Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Ռոբերտ Քոչարյանի այս գնահատականին, նշելով․ - «Շատ են ասում, թե ահա՝ Հայաստանում նոր բռնակալ և նոր բռնապետ է ծնվում՝ նկատի ունեն ինձ: Ես գիտեմ, որ Հայաստանում այլևս երբեք չի կարող լինել բռնակալ կամ բռնապետ: Ոչ թե այն պատճառով, որ ես կամ մեր թիմի որևէ անդամ այդքան լավն ենք, այլ որովհետև Հայաստանի Հանրապետությունում ապրում են քաղաքացիներ, ովքեր ասֆալտներին կպառկեցնեն ցանկացած բռնակալի ում մտքով կանցնի, որ ինքը ավելի կարևոր է և հզոր է, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել բռնակալ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում իշխում է բռնակալներին տափերով տվող քաղաքացին և էդ քաղաքացու դեմ խաղ չկա: Էդ քաղաքացու դեմ խաղ չունի Նիկոլ Փաշինյանը, էդ քաղաքացու դեմ խաղ չունի Հայկ Մարությանը, էդ քաղաքացու դեմ խաղ չունի ոչ ոք»: