Հնարավոր է ի հայտ գան նոր ձայնագրություններ. Անդրանիկ Քոչարյան

ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի աղմկահարույց ձայնագրության հետ կապված «Ազատությունը» զրուցել է պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի հետ:

Անդրանիկ Քոչարյան․ - Ազգային անվտանգության ծառայությունը պետք է բացահայտի՝ գաղտնալսվում են մենակ իրենք, թե պետական պաշտոնյաները ամբողջությամբ:

«Ազատություն»․ - ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը չբացառեց, որ կարող է և՛ վարչապետը գաղտնալսված լիներ, և՛ պաշտպանության նախարարը․․․

Անդրանիկ Քոչարյան․ - Դա շատ վատ է: Ուրեմն գիշերը պետք է անպայման վարչապետի մոտ խորհրդակցություն եղացած լինի և պետք է ներկայացնեն համապատասխան պաշտոնյաները այն ճանապարհային քարտեզը, թե ոնց պետք է այս խնդիրը լուծեն, եթե լուծված չէ մինչև հիմա: Այսինքն, այս պահից հետո մեր պետական համակարգը ընդհանրապես ինչպես պետք է պաշտպանված լինի ընդհանրապես: Որովհետև եթերը լսվում են ոչ միայն այլ կառույցների, այլ լսեցի, որ տարբեր օլիգարխներ իրենք էլ ձեռք են բերել սարքավորումներ և իրենք էլ կարող են լսել և այսօր իշխանությունների դեմ գործում են համակարգված ուժեր, որոնց շատերը անվանում են հակահեղափոխական ուժեր, ես կանվանեի իշխանությունից ժամանակավորապես մի կողմ դրված ուժեր, որոնք դեռ կենսունակ են գործող իշխանությունների տրամաբանության դեմ իրականացնել լայնամասշտաբ վարկաբեկիչ գործողություններ, որոնց մեջ նաև տեղավորվում է այս գործընթացը:

Սա վարկածներից մեկն է: Բայց չբացառենք որևէ վարկած:

«Ազատություն»․ - Այսինքն հնարավոր է, որ վարկաբեկումը կապված է հենց ուղիղ Մարտի 1-ի գործի հետ:

Անդրանիկ Քոչարյան․ - Ոչ, կախված է ընդհանրապես իշխանություններին վարկաբեկելու հետ: Մարտի 1-ը պարզապես համընկավ, երբ որ քննարկվում էր այդ թեման պարոն Խաչատրյանի և պարոն Վանեցյանի միջև, բայց կարող է այլ թեմայով էլ այլ ձայնագրություններ դուրս գան, որոնք արդեն այլ թեմա կբացեն:

Հիմա թեմաների հետևից պետք է չգնանք, մենք պետք է կանխենք գաղտնալսումները, որովհետև դրա միջոցով ամբողջ պետական ինստիտուտները կարող են վարկաբեկվել, իսկ դա մեզ ոչ մեկիս ձեռնտու չէ:

«Ազատություն»․ - Կարելի՞ է ասել, որ այսօր պետությունը լուրջ վտանգի տակ է գտնվում:

Անդրանիկ Քոչարյան․ - Այսօր մենք հիմա խոսում ենք այս մասին, ժողովուրդը մեծ հետաքրքրությամբ լսում է և չի իմանում, թե այս գործողությունները ովքեր են արել: Հիմա եթե թիրախավորենք կոնկրետ ինչ֊որ խմբերի, օլիգարխների, արտաքին ուժերի․․․ սրա լավագույն լուծումը բացահայտումն է պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, մատերի արանքով չնայել թե՛ ներքին, թե՛ արտաքին այդ հնարավորությունները: Բոլոր վարկածները պետք է ստուգվեն, բացառելով գնալ առաջ արագությամբ, որովհետև նրանք կարող է և շարունակեն նման գործողությունները, վնասելով, իրոք, մեր ազգային անվտանգության ամբողջ համակարգը:

«Ազատություն»․ - Այսինքն, նկատի ունեք նորանոր ձայնագրություննե՞ր հրապարակվեն:

Անդրանիկ Քոչարյան․ - Շատ հնարավոր է, որ այս ընթացքում ի հայտ գան նոր ձայնագրություններ լրիվ այլ ուղղություններով, ոչ միայն Մարտի 1-ի թեմային վերաբերող, այլ պաշտպանական գերատեսչության հետ կապված ձայնագրություններ, ներքին ձայնագրություններ, կառավարության տարբեր շրջանակների: Այնպես որ, քանի որ արդեն առկա է փաստը, այս փաստը պետք է բացահայտվի լիարժեքորեն, որովհետև ամեն վայրկյան կարող են վարկաբեկող այդպիսի ձայնագրություններ ի հայտ գան, որովհետև շատ-շատերը մեր պաշտոնյաներից, երբ սկսում են հեռախոսով խոսել, չեն մտածում, որ իրենց կարող է և ձայնագրեն:

«Ազատություն»․ - Այսինքն այստեղ նրանց մեղավորությունը կա՞:

Անդրանիկ Քոչարյան․ - Բնականաբար նույնը արել է նաև մեր Ազգային անվտանգության ծառայության պետը: Ինքը պետք է միշտ մտածի, որ եթե ինքը կարող է լսել ինչ֊որ կառույցներին, կարող են նաև իրեն լսել և ձայնագրել: