ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ։
«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից նշել են՝ դրա իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունն իրենք չունեն:
«Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները: Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը», - «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցել է ընկերության PR ստորաբաժանման համակարգող Վահե Իսահակյանը:
Երեկ համացանցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրության հրապարակմանը հաջորդած մամուլի ասուլիսին Վանեցյանն ասաց, որ խոսակցության ժամանակ ինքը եղել է Ժնևում՝ մեքենայի մեջ՝ օդանավակայան գնալու ճանապարհին, խոսել է ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորին պատկանող հեռախոսահամարից։
Երեկ համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են «Մարտի 1»-ի գործը:
Գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանեց անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ իրենք «շանտաժի չեն տրվելու»։