Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց. ԱԱԾ տնօրեն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց, հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հակադարձելով Քոչարյանի՝ միլիարդներ չունենալու մասին հայտարարությանը։

ԱԱԾ պետն ասաց՝ փաստերով կխոսի։

«Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները», - ասաց Վանեցյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե խոսք կա, որ նա բաժնետերերի ցուցակում է, Վանեցյանն այսպես արձագանքեց. - «Բաժնետերերի մեջ՝ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպեն, որ 6 միլիոն դոլար փող տա իրանց, իրանք էլ տանեն։ Ձեզ կտա՞ն 6 միլիոն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան։ Ունենք ստացած ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, չէի ուզում խոսել, բայց... ունենք մի սխեմա, որտեղ հստակ երևում է՝ ոնց է գալիս և վերջում Քոչարյանի ընտանիքը դառնում սեփականատեր։ Ունենք գումարի սկզբնաղբյուրը, թե որտեղից այդ գումարն ի հայտ եկավ, և ունենք, թե այդ գումարը ոնց փոխանցվեց Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին և մնացած գույքերը, որի մասին խոսում ենք»։

Վանեցյանը փաստաթղթեր ցուցադրեց ու նշեց՝ շատ-շատ բաներ կան, որ Քոչարյանի ընտանիքին են պատկանում։

«Շատ-շատ է, ես հիմա չեմ ուզում խոսել դրա մասին, արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, գործը հարուցվել է մոտ 10 օր առաջ՝ էդ ունեցվածքի հետ կապված, թե որտեղից է եկել։ Ապօրինի հարստացումն իրենց չի սպառնում, որովհետև ապօրինի հարստացում չկա, փողերի լվացումով է հարուցվել քրեական գործը։ Քոչարյանն անպայման կներգրավվի, կհարցաքննվի։ Խոսքը գնում է հարյուր միլիոնավոր դոլարների մասին։ Ու էն մարդիկ, որ ասում էին՝ «չկան, ասում են, բա ո՞ւր է Սաշիկի 50 տոկոսները», Սաշիկի 50 տոկոսները բանկում պահված է: Հավատացեք, առաջիկայում ամբողջը կհրապարակվի, ու միլիարդավոր դոլարներ գողացված է այս երկրից։ Միլիարդավոր դոլարներ», - ասաց Վանեցյանը։

Ճշտող հարցերին, թե գիտե՞ն՝ որ բանկերում են պահվում այդ գումարները, Վանեցյանը պատասխանեց. - «Այո՛, մի մասը՝ դրսի բանկերում, մի մասը՝ տեղի բանկերում»։

Այսօր համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են «Մարտի 1»-ի գործը:

Գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանեց անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ իրենք «շանտաժի չեն տրվելու»։

Վանեցյանը հաստատեց՝ համացանցում տարածված ձայնագրությունում զրուցում են ինքն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Մեկը հանկարծ չմտածի, որ էս ամեն ինչ-որ փորձեցին սենսացիա անել և ասել՝ «վայ, Վանեցյան Արթորը Խաչատրյան Սասունի հետ խոսաց, հեսա դրանց լիկվիդացնենք, մնացած մեր գործը կանենք»։ Կանենք կպրծնենք սաղ գործերը կավարտենք, այ էդ օրը ոտքով կգնանք, շատ մեծ սիրով, ուրախությամբ կզբոսնենք մեր սիրելի քաղաքում», - ասաց Վանեցյանը։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում էսահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց: