ԵԽԽՎ հանձնաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներին կոչ է անում «Մագնիտսկու ակտ» ընդունել

ԵԽԽՎ նստաշրջան, արխիվ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերով հանձնաժողովը կոչ է անում Եվրախորհրդի անդամ երկրներին՝ այդ թվում Հայաստանին և Ադրբեջանին, «Մագնիտսկու ակտ» ընդունել: Այս մասին ասվում է հանձնաժողովի տարածած հայտարարությունում:

Եվրախորհրդին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը Եվրամիության անդամ պետություններ են: Թեև ԵԽ անդամ բոլոր պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, այդուհանդերձ, ինչպես պնդում են հեղինակավոր մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, մարդու իրավունքների եվրոպական ամենամեծ կազմակերպության անդամ շատ երկրներում խախտումները տեղի են ունենում պետական մակարդակով:

ԵԽԽՎ-ի նախագիծը, մասնավորապես, սահմանափակումներ է առաջարկում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ՝ վիզաների արգելք, բանկային հաշիվների սառեցում: Նախաձեռնության հեղինակներից բրիտանացի խորհրդարանական Դոնալդ Անդերսոնի համոզմամբ՝ այդ սահմանափակումները «զսպող գործոն կլինեն մարդու իրավունքները խախտել պատրաստվող անձանց համար, ովքեր սեփական երկրներում պաշտպանված են զգում պատասխանատվությունից, բայց ցանկանում են իրենց վայրագությունների պտուղները քաղել արտասահմանում»: Նախագծի քննարկումները ԵԽԽՎ-ում կմեկնարկեն ձմեռային նստաշրջանի ժամանակ:

«Մագնիտսկու ակտը» ընդունվել է ի հիշատակ Hermitage Capital-ի իրավաբան և աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու, ով 2008 թվականին, իրավապաշտպանների համոզմամբ՝ շինծու մեղադրանքով, ձերբակալվել և մեկ տարի անց մոսկովյան բանտում մահացել է: Նա հայտնի է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետական միջոցների խոշոր յուրացումները բացահայտող հետաքննություններով: Մագնիտսկու մահվան մասին լուրը վրդովմունք է հարուցել ամբողջ աշխարհում: 2012-ին Միացյալ Նահանգներն ընդունել է «Մագնիտսկու օրենքը», որի նպատակն է պատժել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներին, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Հետագայում Վաշինգտոնի օրինակին հետևեցին Էստոնիան, Կանադան, Լիտվան, Լատվիան և Մեծ Բրիտանիան: Այս երկրների կողմից ընդունված նմանօրինակ ակտերը մի շարք պատժամիջոցներ են նախատեսում՝ ակտիվների սառեցում, երկիր մուտք գործելու արգելք՝ այն անձանց նկատմամբ, որոնց մեղավոր են համարում մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիոն հանցանքների մեջ: