Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. ՀՔԾ պետ

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան, արխիվ

Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ի դեպքերի ժամանակ սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին հայտարարեց Հատուկ Քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Խաչատրյանն ասաց, որ այս հայտարարությունն անում են՝ ունենալով հստակ ապացույցներ։

«Տիգրան Աբգարյանի՝ ներքին զորքերի զինծառայողի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ էին, և այս ուղղությամբ մենք նույնպես բավականին աշխատանք ենք արել։ Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին ունենք ապացույցներ՝ հստակ ապացույցներ։ Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում՝ Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Եվ մեր տարբերակը, որը հետևյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե «մենք արդեն ունենք զոհեր», հիմնավորվի։ Դա նախաքննությամբ հիմնավորվել է։ Կարծում եմ, որ այս նորությունն արդեն իսկ բավարար է, որ մեր դեմ՝ իմ և պարոն Վանեցյանի դեմ, իսկական գործ սկսվեր, այդ իսկ պատճառով չէինք հրապարակում այս տվյալները», - ասաց Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե շատ է խոսվում այդ օրերին օլիգարխների թիկնազորներին զինվորական բաճկոններ բաժանելու մասին, ՀՔԾ պետն այսպես արձագանքեց. - «Քրեական գործով արդեն իսկ ձեռք են բերվել ապացույցներ, որ դա իրականություն է, որ Պաշտպանության նախարարության պահեստից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորներին։ Ո՞ւմ են բաժանվել և ինչի՞ համար են բաժանվել, դա արդեն այս պահին չեմ ասի։ Ինչի՞ համար են բաժանվել, դուք գիտեք՝ որպեսզի զինծառայողներից չտարբերվեն և ինչ-որ պրովոկացիաներ անեն, իսկ ո՞ւմ են բաժանվել, դա էլ քննության ավարտին բոլորդ կտեղեկանաք»։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Այս տարի Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց «Մարտի 1»-ի քրեական գործին նոր գործեր միացնելու մասին, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք՝ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Քոչարյանն ազատ արձակվեց։