«Մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է հակահեղափոխության անվերապահ կապիտուլյացիա». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են։

Երեկ Դավիթաշենում կայացած քարոզարշավի ժամանակ վարչապետը հայտարարեց՝ բազմաթիվ ուժեր, որոնք այսօր ներկայանում են հեղափոխության դաշնակից, իր ընկեր ու աջակից, «խաղեր են տվել և խաղեր են տալիս հակահեղափոխության հետ»։

«Պլատոնն իմ ընկերն է, ասում է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Բազմաթիվ ուժեր, որոնք ներկայանում են էսօր որպես հեղափոխության դաշնակից, իմ դաշնակից, նույնիսկ իմ ընկեր, նույնիսկ ինձ աջակից, նույնիսկ իբր անունը կոալիցիա են դնում, այո՛, դրանք խաղեր են տվել և խաղեր են տալիս հակահեղափոխության հետ։ Ձայն չտա՛լ հակահեղափոխությանը, ո՛չ մի ձայն», - հայտարարեց վարչապետը՝ նշելով, որ իրենց այս ընտրություններում անհրաժեշտ է հակահեղափոխության անվերապահ կապիտուլյացիա։

«Մեզ այս ընտրություններում ուղղակի հաղթանակ չէ, որ անհրաժեշտ է, մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է անվերապահ, կատարյալ, անքննելի մեծամասնությամբ հաղթանակ։ Մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է հակահեղափոխության անվերապահ կապիտուլացիա», - ասաց Փաշինյանը։

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։

«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը միլիարդների է տիրապետում»

Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Կալանքից ազատվելուց հետո սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում համոզմունք հայտնեց, որ իրեն անպայման հայտարարելու են հակահեղափոխության կենտրոն։

Խոսելով նախկին և ներկայիս իշխանությունների տնտեսական քաղաքականությունից, Քոչարյանը հույս հայտնեց, որ այնուամենայնիվ կծնվի տնտեսական քաղաքականություն։ Իսկ դիտարկանը, թե նախորդ տարիներին ասում էին, որ 50 տոկոսն են վերցնում, պաշտոնաթող նախագահն այսպես արձագանքեց. - «Դե հիմա՝ քանի՞ դեպք են ապացուցել 50 տոկոսը վերցնելու։ Դեռ չկա։ Քանի՞ ամիս է անցել։ Քանի՞ գործ կա 50 տոկոսը վերցնելու՝ ապացուցված։ Կանցնի երեք ամիս էլ, կանցնի մեկ տարի... վերջապես հարցնելու են, չէ՞, ո՞ւր են Սաշիկի 50 տոկոսները, օրինակ։ Ես չգիտեմ, իրականում ինչ պատկեր է։ Տասը տարի ես այս ոլորտում չեմ եղել։ Բայց մինչ այսօր որևէ փաստ չկա»։

Երեկ Փաշինյանն հայտարարեց՝ Սաշիկ Սարգսյանը հայաստանյան միայն մեկ բանկում ունի 30 միլիոն դոլար։

«Ասում էր չէ, բա հարցնելու են ո՞ւր է Սաշիկի 50 տոկոսը։ Ասում եմ ուր են՝ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը միլիարդների է տիրապետում, և ահավասիկ «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն և դստերը՝ մի քանի միլիոն դոլարանոց հյուրանոցը։ Ցույց տվեք՝ ի՞նչ փողերով։ Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում էդ 30 միլիոն դոլարը հանելու է և վերադարձնելու է կամավոր պետական բյուջե», - ասաց վարչապետը:

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: