ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի հետ:
«Դատելով ձայնագրությունից, ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել «Մարտի 1-ի» գործը և գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել /զրուցակիցների բառապաշարով` «փակել»/ նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է», - ասված է հայտարարությունում: - «Առաջին ատյանի դատավորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնվել է իշխանական բիրտ ճնշման ներքո և իրեն վերևից թելադրված «դուխով» ապօրինի որոշում է կայացրել»:
Քոչարյանի գրասենյակը նաև պնդում է, որ «ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ» և հեռախոսազրույցի բացահայտումները որակում «հանցագործություն` բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ»:
Պաշտոնաթող նախագահի գրասենյակը կոչ է անում «բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կերպով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչական շղարշը և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերածվի ամբոխավարական ձախողված պետության»:
Այսօր համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են Մարտի 1-ի գործը:
Գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանեց անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ իրենք «շանտաժի չեն տրվելու»։ Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, որ գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են և հնչեցրեց մի շարք անուններ, այդ թվում՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունները:
Ավելի ուշ՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի իր ելույթում Փաշինյանը նաև հայտարարեց․ - «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք մարտահրավեր նետել Հայաստանի ժողովրդին: Դե մարտահրավերը տեսեք: Մենք ունենք Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն և ես պահանջում եմ երկու ծառայություններից երկու ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում»:
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: