Փաշինյանը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը որակում է դավադրություն պետականության նկատմամբ

«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցող Նիկոլ Փաշինյանը իր ելույթում «դավադրություն և Հայաստանի Հանրապետության պետականության նկատմամբ հանցագործություն» որակեց այսօր ավելի վաղ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումների հրապարակումը:

Վարչապետը հայտնեց, որ հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանը «հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության»:

Այսօր համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են Մարտի 1-ի գործը:

Գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանեց անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ իրենք «շանտաժի չեն տրվելու»։ Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, որ գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են և հնչեցրեց մի շարք անուններ, այդ թվում՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունները:

Քարոզարշավի իր ելույթում Փաշինյանը նաև հայտարարեց․ - «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք մարտահրավեր նետել Հայաստանի ժողովրդին: Դե մարտահրավերը տեսեք: Մենք ունենք Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն և ես պահանջում եմ երկու ծառայություններից երկու ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում»:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում էսահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց: