Այս տարվա հոկտեմբերից մինչև 2020 թվականը Հայաստանը ստանձնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը։ Արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը վստահ է՝ Հայաստանը լավ արդյունքներ է ունենալու։
«Մենք նպատակ ունենք որքան հնարավոր է պրակտիկ արդյունքներ ունենալ գագաթնաժողովի ընթացքում և նաև մեր երկու տարվա նախագահության ընթացքում՝ 2018 թվականից մինչև 2020 թվականը», - այսօր հայտարարեց Մնացականյանը:
Երևանում հոկտեմբերի 7-12-ը նախատեսված է անցկացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովն ու հարակից միջոցառումները, Հայաստանը կհյուրընկալի տասնյակ երկրների ներկայացուցիչների, այդ թվում մոտ 30 երկրի առաջնորդների, ովքեր կընդունեն համատեղ հռչակագիր․ - «Գագաթնաժողովը լինելու է մեծ իրադարձություն Հայաստանի համար և ուրախ իրադարձություն: Մենք փորձում ենք, որքան հնարավոր է, ցույց տալ մեզ և մեր մշակույթը, մեր արժեքները կիսել մեր գործընկերների հետ, մեր բարեկամների հետ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում»:
Գագաթնաժողովին ընդառաջ Երևանում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը։ Արտգործնախարար Մնացականյանի հետ ասուլիսում նա նախ խոսեց իր հայրենիքում՝ Կանադայում բնակվող բազմաթիվ տաղանդավոր հայերի մասին, ապա նշեց, որ չափազանց ուրախ էր արդեն Երևանում՝ Թումոյում, հանդիպելու ֆրանսերեն խոսող հայ երիտասարդների, ովքեր պատմել են այստեղ տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։
«Մտքեր փոխանակեցինք և տեսա, որ երիտասարդները մեծագույն հպարտությամբ պատասխանատվություն են ստանձնում՝ նշելով, որ թավշյա հեղափոխության սերունդն են։ Մենք ասացինք նրանց, որ երիտասարդները պետք է շարունակեն պատասխանատվություն ստանձնել Հայաստանի ապագայի համար իբրև քաղաքացիներ», - ասաց Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Միկաել Ժանն ընդգծում է՝ մեկ ամսից Երևանում անցկացնելիք գագաթնաժողովին շատ կարևոր հարցեր են քննարկելու և որոշումներ ընդունելու, այժմ 84 անդամ ունեցող կազմակերպությունը կքննարկի նաև ընդլայնման հարցեր։
«Հայաստանը ցանկացավ գլխավոր այս գագաթնաժողովը և Հայաստանն ունեցավ այդ հնարավորությունը», - հավելեց նա:
Այսօր ավելի ուշ Միկաել Ժանին ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացումը մեծ պատիվ և պատասխանատվություն է․ - «Այն մեր երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային միջոցառումն է: Բարձր ենք գնահատում այս հնարավորությունը և հույս ունենք, որ գագաթաժողովի արդյունքներով ՖՄԿ-ն կդառնա էլ ավելի ամուր և համախմբված կառույց»: