«Հասցեատերն իրեն գտել է վարչապետի խոսքի մեջ». Ալեն Սիմոնյան

«Կարծում եմ՝ հասցեատերն իրեն գտել է վարչապետ Փաշինյանի խոսքի մեջ», - «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։

Երեկ քարոզարշավի մեկնարկին վարչապետը հայտարարեց, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակից որոշ «քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ», բանակցություններ են վարում հանրապետականների հետ, որպեսզի վերջիններս «ընտրակեղծարարական ռեսուրսով» պաշտպանեն իրենց:

«Սը-թափվե՛ք, գժուկնե՛ր, սը-թափվե՛ք», - հայտարարեց Փաշինյանը՝ առանց մատնանշելու, թե կոնկրետ որ քաղաքական ուժին կամ ուժերին նկատի ունի:

«Ազատության» հետ զրույցում Սիմոնյանն այսօր ասաց, որ ենթադրում է, թե ում նկատի ուներ վարչապետը, սակայն գերադասեց ենթադրություններով չկիսվել։

Հարցին՝ ինքը նկատե՞լ է Ազգային ժողովում որևէ քաղաքական ուժի կամ ուժերի, որոնք հեղափոխության օրերին կանգնած են եղել իրենց կողքին, բայց այսօր գնում են ստվերային պայմանավորվածությունների, «Ելք» դաշինքի պատգամավորը պատասխանեց. - «Ես իմ անձնական դիտարկումներն ունեմ, բայց կարող եմ ասել հետևյալը՝ տասնամյակներ շարունակ Հանրապետական կուսակցությունը ձևավորել է մեքենա, որը որ զբաղվել է ընտրությունները կեղծելով՝ դա կլինի կաշառքի միջոցով, դա կլինի ծառայություններ մատուցելու, վախեցնելու և տարբեր միջոցներով։ Այդ մեքենան այսօր անգործ է և առանց վառելիք։ Բնական է, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր փորձում են այդ մասնատված մեքենայի մասնիկներից օգտվել և օգուտներ քաղել։ Առաջ, ենթադրենք, փող բաժանելով 20 հազար ձայն էին հավաքում ինչ-որ տարածքում, պայմանականորեն, այսօր գոնե մի 5-6 հազար ձայն փորձեն հավաքեն»։

«Կարող եմ ասել, որ հաշվարկն այնքան էլ ճիշտ չէ, որովհետև այն ժամանակ պետական մեքենան դրան սատարում էր և աչք էր փակում հաճախ, այսօր մենք դրա ականատեսը չենք լինելու, և չեմ բացառում, որ ընտրություններից մեկ-երկու օր առաջ, ընտրությունների ժամանակ և ընտրություններից հետո մենք ականատես կլինենք ոչ թե լրագրողներին դուրս հրող փող բաժանողների, այլ ականատես կլինենք ձերբակալումների՝ այդ փող բաժանողների և փող վերցնողների», - ընդգծեց Սիմոնյանը: