Այսօր Սեպտեմբեր 11-ի ահաբեկչության 17-րդ տարելիցն է

Ազատության արձանը և Առևտրի համաշխարհային կենտրոնի այրվող զույգ երկնաքերերը, Նյու Յորք, 11-ը սեպտեմբերի, 2001թ.

Միացյալ Նահանգները նշում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 17-րդ տարելիցը:

Այսօր սգո և հիշատակի արարողություն է նախատեսված Նյու Յորքում, որտեղ մահապարտ ահաբեկիչները առևանգված ուղևորատար երկու օդանավերով խոցել և ոչնչացրել են Առևտրի համաշխարհային կենտրոնի երկու երկնաքերերը:

Մեկ այլ արարողություն տեղի կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ երրորդ առևանգված օդանավը ավերել է պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի համալիրի մի հատվածը:

Արարողություններին կմասնակցեն հազարավոր մարդիկ: Նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկին Մելանիայի ուղեկցությամբ կմեկնի Փենսիլվանիա, որտեղ Շանքսվիլ ավանի մոտակայքում առևանգված չորրորդ օդանավը վայր է ընկել այն բանից հետո, երբ մի խումբ ուղևորներ ներխուժել են օդաչուների խցիկ և փորձել են հսկողության տակ վերցնել մեքենայի կառավարումը: Չորրորդ օդանավի կործանման հետևանքով զոհվել է 40 մարդ:

Նյու Յորքի զույգ երկնաքերերի փլուզման հետևանքով զոհվել է մոտ 3 հազար մարդ, այդ թվում՝ աղետի էպիկենտրոն մարդկանց օգնելու համար ժամանած ոստիկաններ, հրշեջներ և բժիշկներ:

Մեծ թվով մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Շուրջ 40 հազար մարդկանց մոտ շենքերի փլուզումից օդ բարձրացած փոշու և այլ նյութերի ներազդեցության արդյունքում ի հայտ են եկել շնչուղիների տարատեսակ հիվանդություններ:

2001 թվականի սեպտեմբեր 11-ը համարվում է ահաբեկչական ամենածանր գրոհը Միացյալ Նահանգների պատմության ընթացքում:

Ավերված երկնաքերերի տեղում այժմ խոյանում են նոր երկնաքերեր, ստեղծվել է տրանսպորտային արդիական հանգույց և կառուցվել է զոհերի հիշատակին նվիրված համալիր: