Սիրիայում հայաստանյան հումանիտար խումբը գործելու է բացառապես Հայաստանի դրոշի ներքո. Բալայան

Հայաստանը վարչապետի հայտարարած ծրագրի շրջանակներում Սիրիա կուղարկի հումանիտար մասնագետների՝ հիմնականում բժիշկների, ինժեներների, «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ընդգծելով՝ խոսքը զորախմբի կամ Զինված ուժերի ստորաբաժանման մասին չէ։

Ըստ Բալայանի, խումբը բացառապես ենթարկվելու է Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությանը և գործելու է Հայաստանի դրոշի ներքո։

Գաբրիել Բալայան. - Զորախմբի կամ Զինված ուժերի ստորաբաժանման մասին չէ խոսքը, խոսքը գնում է բացառապես հումանիտար մասնագետներ ուղարկելու մասին, որոնց մեջ են բժիշկներ, ինժեներական որոշակի մասնագիտության տեր անձինք՝ մեր ծառայողները, որոնք գնալու են՝ օգնելու Հալեպի բնակիչներին հիմնականում, մասնավորապես՝ սիրիահայ համայնքին։ Այսինքն՝ հումանիտար աջակցության այն ամբողջ ծավալը, որը մենք ուղարկում ենք պարբերաբար, նաև որոշակի սիրիական կառավարության կողմից համապատասխան խնդրանքի հիման վրա, մենք ուղարկելու ենք նաև այն մասնագետներին, որոնք պետք է փորձեն իրենց մասնագիտական գիտելիքներով խաղաղ բնակչությանը օգտակար լինել։

«Ազատություն». - Հիմնականում բժիշկնե՞ր են մեկնելու Սիրիա և աջակցություն են ցուցաբերելու տեղի հայ համայնքի՞ն։

Գաբրիել Բալայան. - Այո՛, հիմնականում տեղի հայ համայնքին, Հալեպի մասին է խոսքը։

«Ազատություն». - Ի՞նչ ձևաչափով է այդ պատվիրակությունն, այդ խումբը մեկնելու, դա լինելու է ինչ-որ կոալիցիայի մա՞ս։ Նախորդ տարիներին հրապարակումներ եղան, որ հնարավոր է Ռուսաստանի կողմից միջազգային կոալիցիա կազմվի և այդ շրջանակում Հայաստանն ուղարկի իր զինվորականներին։

Գաբրիել Բալայան. - Նորից եմ ասում՝ զինվորականների մասին չի խոսքը գնում, խոսքը գնում է բացառապես ոչ թե զորախումբ ուղարկելու մասին, այլ խոսքը գնում է հումանիտար մասնագետներ ուղարկելու մասին, որոնց մեջ են հիմնականում բժիշկները, այդպես էլ ինժեներական մասնագետներ, որոնք պետք է օգնեն, օրինակ, ինքնաշեն ռումբերի չեզոքացումը կազմակերպել։

«Ազատություն». - Սակրավորնե՞ր են լինելու։

Գաբրիել Բալայան. - Ոչ միայն սակրավորներ, որովհետև սակրավորի գործը ոչ միայն ականազերծելն է, այլ նաև ականապատելն է։ Գնալու են այն մասնագետները, որոնք պետք է փորձեն օգտակար լինեն հենց ականազերծելու և ոչնչացնելու այն պաշարն ինքնաշեն ականների, որը հավաքվել է։

«Ազատություն». - Այդ խումբը, երբ որ կմեկնի Սիրիա, ինչ-որ կոալիցիայի կազմո՞ւմ է լինելու։

Գաբրիել Բալայան. - Ո՛չ, միջազգային կոալիցիայի կազմում չի լինելու, դա բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկվող աջակցություն է, որը, եթե չեմ սխալվում, 2015 թվականի 2254 ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևի շրջանակներում է այդ խումբը գնալու, ինչպես նաև մենք ունենք համապատասխան պայմանագիր՝ միջկառավարական պայմանագիր Սիրիայի Արաբական Հանրապետության հետ, նաև այդ համագործակցության շրջանակներում է լինելու դա։

«Ազատություն». - Ես ճի՞շտ հասկացա Ձեզ՝ դա հայ-սիրիակա՞ն պայմանավորվածության արդյունք է։

Գաբրիել Բալայան. - Այո՛, դա հայ-սիրիական պայմանավորվածության արդյունք է։

«Ազատություն». - Խումբն ո՞ւմ է ենթարկվելու, ենթարկվելու է Հայաստանի՞ն, թե՞ ենթարկվելու է, օրինակ, Սիրիայում գործող ռուսական զորախմբի հրամանատարին։

Գաբրիել Բալայան. - Խումբը բացառապես ենթարկվելու է Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությանը։ Մենք չենք բացառում Ռուսաստանի հետ նաև համագործակցությունը որոշ առումներով, բայց բացառապես Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո է գործելու։

Շաբաթ օրը Մոսկվա այցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու՝ մանրամասնելով, դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․