Մենք հավատացած ենք, որ հաղթելու ենք ընտրությունները. ՀՅԴ թեկնածու

«Չկա այդպիսի ոլորտ, որը ներառված չէ մեր ծրագրում», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընտրություններում ՀՅԴ ցուցակի առաջին համար Միքայել Մանուկյանը: - «Մեր ծրագիրը շատ հավակնոտ ծրագիր է: Ծրագրի շուրջ աշխատել են լավագույն մասնագետները, բոլոր ուղղություններով: Եվ ամեն ուղղությամբ՝ կանաչապատում, տրանսպորտ, կոմունալ շինարարություն, համայնքային կառավարություն՝ բոլոր ուղղություններով մենք ունենք թե՛ հաշվարկներ, թե՛ ծրագիր»:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա 11 օրերի ընթացքում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները: