Երկու տարում Թուրքիայից Սիրիա է վերադարձել 255 հազար ներգաղթյալ․ «Միլիյեթ»

Թուրք-սիրիական սահմանակետերից մեկում, արխիվ

Վերջին երկու տարում շուրջ 255 հազար սիրիացի ներգաղթյալ Թուրքիայից վերադարձել է Սիրիա: «Միլիյեթ» պարբերականի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ օրերս սահմանամերձ Հաթայ նահանգի Յայլադաղը գավառում տեղակայված սիրիացի փախստականների ճամբար այցի ժամանակ:

Նախարարի խոսքով՝ թուրքական իշխանությունները միջազգային հարթակներում մշտապես բարձրացնում են սիրիացի ներգաղթյալների հարցը՝ որպես վերջին շրջանի լրջագույն հումանիտար խնդիր: Սոյլուն նաև նշել է, որ հետագայում ևս մտադիր են կազմակերպել սիրիացիների վերադարձը տուն, մասնավորապես, Սիրիայի հյուսիսային շրջաններ, որտեղ թուրքական զինուժը ռազմական գործողություններ է իրականացրել:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության հրապարակած պաշտոնական վերջին տվյալների համաձայն, ներկայումս Թուրքիայում շուրջ 3,5 միլիոն սիրիացի գաղթական է բնակվում, որոնցից 2 միլոն տղամարդ և 1,5 միլիոն կին: Սիրիական պատերազմի հետևանքով Թուրքիա ներգաղթած սիրիացիներից ավելի քան կես միլիոնը բնակություն է հաստատել Ստամբուլում, մյուսները հիմնականում թուրք-սիրիական սահմանի մերձակա նահանգներում՝ Շանլըուրֆա, Հաթայ, Գազիանթեփ, Ադանա, Մերսին: