Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին տված ծավալուն հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:
«Գուցե ղարաբաղյան բանակցային գործընթացը տեղից չի շարժվում բանակցությունների սխալ ձևաչափի՞ պատճառով: Ես ի նկատի ունեմ ղարաբաղյան կողմի մասնակցությունը, այսինքն՝ այն, որ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին», - մասնավորապես ասել է Փաշինյանը:
«Կոմերսանտ»-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովն իր հարցում ասել է․ - «Հայաստանը 7 շրջանները ադրբեջանական է համարում: Դրանց վերադարձի մասին վաղուց է խոսվում, սակայն գործընթացը տեղից չի շարժվում»: Հայաստանի վարչապետն ի պատասխան հայտարարել է․ - «Այսօր գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Սահմանադրություն, որի համաձայն՝ այդ տարածքները Լեռնային Ղարաբաղի մի մասն են»:
Ընդհանրապես, վարչապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր Նիկոլ Փաշինյանը չի խոսում փոխզիջումների մասին, միայն պարբերաբար պնդում է, որ հայկական կողմը զիջումների մասին կարող է խոսել միայն այն ժամանակ, երբ տեսնի, որ ադրբեջանական կողմն իրապես պատրաստ է զիջումների:
«Կոմերսանտ»-ը, գուցե նաև այն պատճառով, որ թերթի գլխավոր խմբագիրը ծագումով ադրբեջանցի է, ակտիվ հետևում է ղարաբաղյան գործընթացին և պարբերաբար մանրամասներ է հրապարակում բանակցություններից:
Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ-ին և Յուրի Խաչատուրովին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պետք է դեռ որոշեն, թե որ երկրի ներկայացուցիչն է լինելու գլխավոր քարտուղարը:
Խաչատուրովին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով, և պաշտոնական Երևանը սկսել է նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթաց:
«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Փաշինյանը ավելի կոշտ հայտարարություն է արել՝ ասելով, թե կարևոր չէ գլխավոր քարտուղարի ազգանունը՝ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը կամ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին վերջին շրջանում ծավալված քննարկումներին, Նիկոլ Փաշինյանն ասել է․ - «Առանց Հայաստանի համաձայնության Ադրբեջանը չի կարող անդամակցել ՀԱՊԿ-ին, և եթե Բաքուն նման ցանկություն ունի, պետք է փորձի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ եթե նման հարց լինի օրակարգում, Հայաստանը կօգտվի վետոյի իր իրավունքից:
Հարցազրույցում Փաշինյանը շեշտել է նաև՝ Պուտինի հետ բանակցություններից հետո կարող է հայտարարել, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ինչպես նաև ասել է, որ մինչև տարվա վերջ կամ եկող տարվա սկիզբ սպասվում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան: