Հայկ Սարգսյանը կալանքից ազատ արձակվեց

Հայկ Սարգսյանը դատարանում, արխիվ

Դատարանն այսօր որոշեց 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել սպանության փորձի մեջ մեղադրվող ​Հայկ Սարգսյանին։ Վերջինս Սերժ Սարգսյանի եղբորորդին է: Դահլիճում ներկա նրա հարազատները ծափերով արձագանքեցին որոշմանը։ Նշված գումարն արդեն իսկ վճարվել է, և Սարգսյանն ազատ է արձակվել:

33-ամյա Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին, նա մեղադրվում է սպանության փորձի մեջ․ հանցագործությունը տեղի է ունեցել 11 տարի առաջ: 2007 թվականին Դավիթ Սիմոնյանը հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով: Գործը, սակայն կարճվել էր, քանի որ ոստիկանություն էր ներկայացել ոմն Արթուր Ղևոնդյան և հայտնել, թե անզգուշաբար կրակել է ընկերոջ վրա: 11 տարի անց, սակայն, Դավիթ Սիմոնյանը, ով վերջին մի քանի ընտրությունների ժամանակ հանրապետականների վստահված անձն է եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանի տեղամասերից մեկում և մշտապես խոչընդոտել է լրագրողների աշխատանքը, նոր ցուցմունքներ է տվել, նշելով, որ իրականում իրեն փորձել են սպանել, իսկ սպանության փորձը կատարել է Հայկ Սարգսյանը։

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ գրավը վճարելու են Հայկ Սարգսյանի ընկերները, և միայն դրանից հետո Ալեքսանդր Սարգսյանի որդին դուրս կգա քրեակատարողական հիմնարկից։ Փաստաբանն անցած դատական նիստին հայտարարել էր, թե դատարանը կանխակալ վերաբերմունք ունի: Այսօր նա զարմացած էր դատարանի կայացրած որոշումից:

«Շատ ուրախ եմ, որ հարգելի դատարանն իր մեջ ուժ գտավ և օբյեկտիվ որոշում կայացրեց: Իհարկե ես գտնում եմ, որ ընդհանրապես խափանման միջոցի հիմքեր գոյություն չունեն, բայց հաշվի առնելով առկա գործը, դրա նկատմամբ առկա հասարակական հետաքրքրությունը և այլ պրոցեսներ, գտնում եմ, որ գոնե այս կերպ դատարանը որոշակիորեն վերականգնեց արդարությունը»,- ասաց փաստաբանը:

Հայկ Սարգսյանն այսօր նիստերի դահլիճում չէր։ Պաշտպանն ասաց՝ նախորդ նիստից հետո հույս չունեին, որ դատարանը նման որոշում կկայացնի։ Հայկ Սարգսյանին բերման ենթարկելուց հետո նրա նկատմամբ ընտրվել էր խափանման այլ՝ ստորագրությամբ չհեռանալու միջոցը, դրանից հետո արդեն քննչական մարմինը որոշել էր փոխել այն, ասաց պաշտպանը։

«Եթե խոչընդոտման հետ կապված քննիչը, դատախազը յոթ օր մտածել են, համոզված են եղել, որ ստորագրությունը բավարար միջոց է, այդ ի՞նչ փոխվեց հանկարծ յոթ օր հետո, որ որոշեցին՝ չէ, այսուհետ պետք է կալանք լինի: Այն դեպքում, երբ դատական նիստի ժամանակ մեր բարձրացրած հարցերին, դատավորի կողմից տրված հարցերին պատասխանում էին՝ յոթ օրվա ընթացքում որևէ հանգամանք չի փոխվել, չի փորձել թաքնվել, խոչընդոտել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանը չպարզաբանեց՝ արդյո՞ք Հայկ Սարգսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը․ «Այս պահին չեմ ասի, դատաքննության փուլում դրան կանդրադառնանք»:

Սարգսյանին կալանքից ազատ արձակելու՝ դատարանի որոշման հրապարակումից ընդամենը երեք ժամ անց գրավի գումարը վճարվեց: Հայկ Սարգսյանի՝ դատարանի բակում հավաքված ընկերներն «Ազատությանն» ասացին՝ շատ ենք, բոլորով հավաքել ենք գումարը, բոլորս էլ աշխատող ենք: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ չի բացառվում, որ վերաքննիչ բողոք ներկայացնեն․ վերջնական որոշում կկայացնեն դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո: