Դատարանն այսօր հրապարակեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ նա 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի՝ այդ գումարը վճարելուն պես:
33-ամյա Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին և մեղադրվում է սպանության փորձի՝ 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար:
2007 թվականին Դավիթ Սիմոնյանը հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով: Գործը, սակայն կարճվել էր, քանի որ ոստիկանություն էր ներկայացել ոմն Արթուր Ղևոնդյան և հայտնել, թե անզգուշաբար կրակել է ընկերոջ վրա: 11 տարի անց, սակայն, Դավիթ Սիմոնյանը, ով վերջին մի քանի ընտրությունների ժամանակ հանրապետականների վստահված անձն է եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանի տեղամասերից մեկում և մշտապես խոչընդոտել է լրագրողների աշխատանքը, նոր ցուցմունքներ է տվել՝ նշելով, իրականում իրեն փորձել են սպանել, իսկ սպանության փորձը կատարել է Հայկ Սարգսյանը։