Ռուսաստանում կիրակի օրը կայացել են բողոքի ակցիաներ կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ: Բողոքի հավաքներ ու երթեր են անցկացվել տարբեր քաղաքներում, և դրանց մեծ մասն արտոնված չէին:
Արտոնված չէր բողոքի երթը նաև Մոսկվայի կենտրոնում ավանդական վայրում՝ Տվերսկայա փողոցում: Հավաքի կազմակերպել էին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները: Ինքը Նավալնին այժմ անազատության մեջ է և չի կարողացել մասնակցել երթին:
Երեկ կրկին շատ էին անչափահասները Մոսկվայի փողոցներում: Սոցիալական ցանցերում արագ տարածվել են լուսանկարներ, որոնցում պատկերված է, թե ինչպես է ոստիկանությունը բերման ենթարկում 9-12 տարեկան երեխաների:
Ռուսաստանի մայրաքաղաքում մի քանի հազար մարդ էր դուրս եկել չարտոնված երթի: Ոստիկանները խոսում են 1․5-2 հազար մասնակիցների մասին:
Մոսկվայի Տեատրալնայա հրապարակում կոշտ բախում էր ոստիկանության և ցուցարարների միջև: Ոստիկանները ցուցարարներին պարզապես դաժան ծեծում էին մահակներով, քաշքշում, նույնիսկ՝ կանանց:
Հավաքվածները վանկարկում էին՝ «Պուտինը գող է», «Մենք այստեղ իշխանություն ենք», «Ամո՛թ ձեզ»:
Երեկ մարդաշատ էր նաև Սանկտ Պետերբուրգի հավաքը: Այնտեղ բերման են ենթարկել մոտ 500 մարդու, ոստիկանները նորից կոշտ էին գործում:
Մոսկվայում մի տղամարդու դեմ, ում անունը դեռ չի հրապարակվել, քրեական գործ են հարուցել ոստիկանության վրա հարձակվելու հոդվածով, և նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Կենսաթոշակային այս ռեֆորմը ջրբաժան է դարձել ռուսաստանցիների և երկրի իշխանությունների միջև: Կենսաթոշակային տարիքի բարձրացմանը դեմ են ռուսաստանցիների մեծ մասը: Այս բողոքի ալիքի ֆոնին նվազում է նույնիսկ նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդաբար բարձր վարկանիշը:
Կիրակի օրը Ռուսաստանի մի շարք քաղաքներում և մարզերում ընտրում էին քաղաքապետերի և նահանգապետների, ու մի շարք քաղաքներում և մարզերում հաղթել են կոմունիստները՝ հետևում թողնելով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը:
Ռուսաստանի կառավարությունը առաջարկում է կենսաթոշակի անցնելու տարիքը տղամարդկանց համար բարձրացնել մինչև 65 տարեկան՝ ներկայիս 60-ի փոխարեն, իսկ կանանց համար՝ մինչև 63 տարեկան՝ այսօրվա 55-ի փոխարեն: Նախագահ Պուտինն իր ուղերձում հայտարարել էր, որ առաջարկում է կանանց համար թոշակի անցնելու տարիքը սահմանել 60 տարեկանը: Ռուսաստանցիների մեծ մասը, այդուհանդերձ, դժգոհ են այդ բարեփոխումներից, և երկրում բողոքի ակցիաներ են տեղի ունենում: