Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում երեք տարվա ընդմիջումից հետո այսօր պատարագ է մատուցվել

Պատարագ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, 2010թ․

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում երեք տարվա ընդմիջումից հետո այսօր պատարագ է մատուցվել:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի առաջնորդությամբ պատարագը շուրջ երկու ժամ է տևել:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, արարողությանը մասնակցել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, մի շարք թուրք պաշտոնյաներ, ինչպես նաև մեծաթիվ հյուրեր Թուրքիայից, Հայաստանից և այլ երկրներից:

Եկեղեցու տարածքի փոքրության պատճառով մարդկանց խմբերը հերթով են մտել ներս: Պատարագից հետո նախարար Էրսոյն ու արքեպիսկոպոս Աթեշյանը խոսքով են հանդես եկել:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 մլն լիրա էր ծախսվել:

2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն վերջին երեք տարվա ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատարագ չի անցկացվել: