Ամռանը Հայաստան են այցելում մեծ թվով սփյուռքահայ արվեստագետներ, ոմանք՝ զբոսաշրջիկի կարգավիճակով, ոմանք էլ հատուկ հայրենիք են գալիս ներկայացնելու իրենց արվեստը՝ հանդես են գալիս երևանյան բեմահարթակներում, գրքեր տպագրում, ցուցահանդեսներ բացում։
Վերջերս ավստրալահայ մի խումբ նկարիչներ էին ներկայացրել իրենց ստեղծագործությունները: Նրանցից մեկը՝ Շաքե Վարդանյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտում էր, որ իրեն ամեն անգամ Հայաստան գալիս հիացնում են տեղի նկարիչների ստեղծագործությունները, որոնք, նրա համոզմամբ, այստեղ, ցավոք, շատ ցածր են գնահատվում:
«Հոյակապ, շատ գեղեցիկ տաղանդներ կան Հայաստանում: Ես գնում եմ Վերնիսաժ կամ Սարյանի հրապարակը՝ նկարներ եմ տեսնում, որ այդ նկարը, որ այդքան էժան են վաճառում, ես կարծում եմ՝ մեր մոտ 10 հազար դոլարով կվաճառվի, որ, օրինակ, 100 դոլար, կամ 120 դոլար․․․ Տխրում եմ, որ այսպիսի տաղանդներ կան, և այդ նկարները ստիպված են այսքան քիչ արժեքով վաճառել, չի էլ վաճառվում: Այսինքն, աչքը չկա, որ տեսնի», - նշեց Վարդանյանը՝ վստահեցնելով, որ իրենց մոտ «այդպիսի տաղանդով նկարիչ եթե լինի, շատ լավ կվաճառվի»:
Ուշագրավ է, սակայն, որ Շաքե Վարդանյանի դիտարկմամբ՝ մեր գեղանկարիչներն ասես վախենում են մեծ կտավներ ստեղծելուց, այնինչ, ասում էր, այսօր դրանց պահանջարկը արվեստասերների կողմից ավելի մեծ է: «Այստեղի նկարիչները մեծ պաստառի վրա չեն նկարում: Նկարիչները այստեղ պիտի ավելի համարձակություն ունենան, անվախ լինեն, որ մեծ պաստառի վրա գործեն, որովհետև երբ տուրիստի ժամանակ է գալիս, և տուրիստները շատ փող ունեն շատերը և իրենց երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, ամեն տեղ, Իսպանիա, որտեղ որ կան, հայ տուրիստները, սիրուն մեծ տներ ունեն՝ մեծ պատերով, և շատ-շատ եմ ցանկանում, որ ասեմ՝ համարձակ եղեք, մեծ պաստառի վրա գործեր արեք, մի մտածեք, որ մեծ է, տանողը չի կարող տանել: Եթե դուք գործում եք մի աշխատանք, որ ուզում եք ձեզ, ձեր միտքը, ձեր տաղանդը դուրս տալ, մի վախեցեք, մեծի վրա գործեք, և դա լավ կվաճառվի: Այս փոքրիկ նկարները մեծ պատի վրա գեղեցիկ չեն լինում: Եվ լավ կշահեն, լավ կառնեն», - նշեց ավստրալահայ նկարչուհին:
Շաքե Վարդանյանն ասում էր, որ ուզում է Նկարիչների միությունում էլ ավելի շատ լինեն ժամանակակից գեղանկարիչների ցուցահանդեսները, հատկապես՝ սփյուռքահայ գեղանկարիչների, ասում էր, որ ուզում է, որ Հայաստանում նկարիչները մեծ հարգանք վայելեն և արժանապատիվ ապրեն: Հատկապես երիտասարդ արվեստագետներին պետք է շատ աջակցել, բայց ոչ թե խնամի-բարեկամական կապերը դիտարկելով, այլ տաղանդն ու մասնագիտական ունակությունները հաշվի առնելով: Եվ իհարկե, ոչ միայն արվեստի բնագավառում, այլև ողջ երկրում առհասարակ:
«Հիմա երիտասարդ ուժեր նստեն, մոդեռն ձևով, նոր ձևով, ուրիշ երկրների օրինակները, նոր ճանապարհ բացվի, և նա, ով կրթված է, նա, ով այդ մասնագիտությունը գիտի, նստի այդ գործին: Ամեն ինչ պիտի մասնագետը լինի, որ երկիրը ճիշտ առաջ գնա», - ընդգծեց նկարչուհին:
Շաքե Վարդանյանը ասաց, որ Հայաստանում շատ լավ փոփոխություններ է տեսնում: «Ամեն անգամ որ գալիս եմ Հայաստան, ժողովրդի երեսին հիմա ժպիտ եմ տեսնում, առաջ շատ չէի տեսնում ժպիտ: Մանավանդ վարորդները միշտ դժգոհում էին, բայց հիմա ժպիտ կա, խանութ ես գնում՝ ժպտում են, ժողովրդի տրամադրությունը ավելի լավ է: Երբ որ դու ժպտում ես, ինքդ էլ ուրախանում ես: Ժպիտը շատ կարևոր է», - ընդգծեց ավստրալահայ նկարչուհին: