«Մեր ծրագրի առաջին կետը, որը այսօր կբացահայտեմ, այն է, որ բոլոր հանրային կարևորություն ունեցող որոշումները մենք պետք է տեղային հանրաքվեով իրականացնենք», - այսօր «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարի ուղիղ եթերում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
«Դա կոչվում է ուղիղ ժողովրդավարություն», - պարզաբանեց Հայկ Մարությանը: - «Այսինքն, եթե կա հարց, որը մենք զգում ենք, որ իրոք շատ լայն հանրային հնչեղություն է ստանում, մենք պետք է միասին՝ ամբողջ Երևանի բնակիչներով դա լուծենք»:
Խոսելով մայրաքաղաքի խնդիրներից՝ քաղաքապետի թեկնածուն փաստեց, որ «Իմ քայլը» դաշինքի ծրագրում ամենակարևոր տեղերից մեկը զբաղեցնում է տրանսպորտը:
Հիշեցնելով, որ դեռ նախորդ իշխանությունների օրոք սկսվել է մայրաքաղաքի տրանսպորտային ոլորտի բարեփոխումների ծրագիր, պատվիրվել է նոր ցանց և դրա համար շուրջ 850 հազար եվրո է ծախսվել և եկել-կանգնել է ինչ֊որ կետի, Հայկ Մարությանը նշեց․ - «Բայց մենք, իհարկե, այս ծրագիրը պետք է վերցնենք, տեսնենք ինչքանով է համապատասխանում մեր տեսլականներին, մեր պատկերացումներին, այսպես ասած՝ «միքսել» մեր պատկերացրածը արդեն եղած ծրագրի հետ և արդեն նոր ծրագիրը շահագործման հանձնել»:
Քաղաքապետի թեկնածուն մանրամասնեց, որ «Իմ քայլը» դաշինքի պատկերացմամբ, պետք է ամբողջովին վերացվի «գծեր» հասկացողությունը, ցանցից դուրս բերվեն միկրոավտոբուսները և ամբողջությամբ փոխարինվեն ավտոբուսներով:
«Դա կարող է տևել մեկից երեք տարի՝ նայած որ ճանապարհով գնանք, բայց փոխվում է միանգամից: Չի լինելու ինչ-որ փուլային տարբերակ, որովհետև այդ ցանցը աշխատում է միայն փոխված վիճակում», - նշեց Մարությանը: - «Եվ այդ ցանցում նաև գործում են ժամանակային տոմսեր՝ միասնական տոմսի գաղափարն է, որը դու գնում ես ոչ թե այս ավտոբուսով այստեղից այստեղ տեղափոխվելու համար, այլ դու ժամանակն ես գնում և կարող ես օգտվել այդ տոմսով ինչքան ուզես, մինչև ժամանակդ վերջանա: Եվ կարող ես օգտվել և՛ ավտոբուսից, և՛ մետրոյից, և՛ տրոլեյբուսներից՝ ամբողջ տրանսպորտային ցանցից, որը գործում է Երևան քաղաքում»:
«Իմ քայլը» դաշինքի ծրագրային դրույթներից Մարությանը առանձնացրեց նաև առնվազն մեկ մետրոյի կայարան կառուցելու ծրագիրը: - «Նախատեսվում է «Թումո»֊ի կայարանը, որի 30 տոկոսը Սովետական Միության ժամանակ արվել է», - մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է քաղաքի աղբահանության խնդրին, Մարությանը պարզաբանեց․ - «Այստեղ լուծումը հետևյալն է․ գիտեք, որ «Սանիթեքը» միակ օպերատորն է, որը սպասարկում է քաղաքը: Փաստ է, որ իրենք չեն կարողանում նորմալ սպասարկել քաղաքը և մենք ունեցել ենք այսպիսի իրավիճակ: Երբ մոնոպոլիզացված է դաշտը, միշտ այդպես է ի վերջո լինում: Մենք երկրորդ և երրորդ օպերատորներին պետք է մտցնենք դաշտ և մրցակցությունը ամեն ինչ կանի»:
«Երևանցիները ընտրում են և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ ինձ»
Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը, թե երևանցիները ոչ թե Հայկ Մարությանին են ընտրելու, այլ Նիկոլ Փաշինյանին, վարչապետի թիմը ներկայացնող քաղաքապետի թեկնածուն նշեց․ - «Այսպիսին է ճշմարտությունը՝ երևանցիները ընտրում են և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ ինձ: Այսինքն, և՛ քաղաքական թիմին, և՛ ինձ: Ես էլ այդ քաղաքական թիմի մի մասնիկն եմ»: