Պուտինն ու Էրդողանն այսօր Իդլիբի հարցով հակադիր հայտարարություններ են արել

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների համատեղ ասուլիսը Թեհրանում, 7-ը սեպտեմբերի, 2018 թ․

«Սիրիական Իդլիբը չի կարելի է հանձնել Ասադին, որպեսզի այնտեղ արյունահեղություն չլինի»: Այսօր Թեհրանում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Ցանկացած հարձակում Իդլբում կբերի աղետի, սպանությունների և մեծ մարդկային ողբերգության»,- նաև ասել է Էրդողանը ։

Մինչ այդ՝ ռուսաստանյան օդուժի ինքնաթիռները շարունակում են ռազմական գործողությունները սիրիական այդ շրջանում։ Իդլիբը, հիշեցնենք, Թուրքիայի սահմանից հեռու չէ, այնտեղ շուրջ երեք միլիոն խաղաղ բնակչություն է ապրում: Այս շրջանում դեռևս կան զինված խմբեր, որոնց մի մասին Ռուսաստանը համարում է ահաբեկիչներ։

Մինչ այսօրվա եռակողմ բանակցություններն արդեն հստակ էր, որ Մոսկվան և Թեհրանը Իդլիբի հարցում կարտահայտեն միևնույն, իսկ Անկարան՝ հակադիր մոտեցումը: Այնուամենայնիվ, երեք նախագահներն էլ, Էրդողանը, Պուտինը և Ռոհանին, համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ իրենց հանդիպումներն այս ձևաչափով պետք է շարունակել։ «Համոզված եմ, որ այս բանակցությունները ևս արդյունավետ էին և նպաստելու են սիրիական ճգնաժամի վերջնական կարագավորմանը»,- մասնավորապես, ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, թե ռուսական կողմն ունի հստակ տեղեկություններ այն մասին, որ ահաբեկիչներն Իդլիբում սադրանք ենք նախապատրաստում՝ հայտարարելու համար, որ Ասադի ուժերն, իբր, հերթական անգամ քիմական զենք են օգտագործել խաղաղ բնակչության դեմ։

Մոսկվան վերջին օրեին տարբեր հարթակներում հայտարարում է, որ Իդլիբը միակ շրջանն է Սիրիայում, որտեղ դեռ ահաբեկիչներ են գործում, և այդ շրջանը ևս պետք է ազատագրել նրանցից։ Ներկայումս Եփրատից արևմուտք ընկած բոլոր շրջանները, բացառությամբ Իդլիբի շրջանի, անցել են Ասադի ուժերի վերահսկողության տակ:

Պուտինն այսօրվա ասուլիսում նաև հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում կարգավորվում է, և Ասադի կառավարությոնը կարող է երաշխավորել տուն վերադարձող սիրիացի փախստականների անվտանգությունը։

Մոսկվան մտադիր է հնարավորինս շատ երկրներ ներգրավել Սիրիայում հումանիտար գործողությունների իրականացման ծրագրում: Արևմտյան երկրները, մինչդեռ, համարում են, որ Սիրիայում դեռևս հանգիստ ու անվտանգ չէ, որպեսզի մարդիկ վերադառնան իրնց բնակավայրերը, և որ Ասադը չի կարող երաշխավորել նրանց անվտանգությունը։

Թեհրանում Պուտինը նաև երկկողմ հանդպումենր է ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահների հետ: Էրդողանի հետ հանդիպումը լրագրողների համար փակ է եղել: Հայտնի է միայն, որ դրան մասնակցել են նաև ՌԴ ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը․ հանդիպումը տևել է շուրջ 45 րոպե։