Փաշինյան․ «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն»

Արխիվ

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հետևյալ գրառումն է արել․ «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ՝ պարզապես չկա»:

Այս գրառումը հատկապես ուշագրավ է այն տեղեկության ֆոնին, որ Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ Այսօր ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում այդ լուրը հաստատել էին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ համապատասխան դիմումն արդեն ստացել են Ռուսաստանի իրավապահներից։

Որոշ դիտորդներ պատահական չեն համարում հանգամանքը, որ ռուսական կողմը նման տեղեկություն տարածեց հենց Փաշինյան-Պուտին՝ վաղը Մոսկվայում կայանալիք հանդիպման նախաշեմին:

«Մարտի 1»-ի գործով այս տարվա հուլիսի 3-ին գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումն ու նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։