Հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն, առանձնահատուկ նշանակություն ունեն։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պաշտպանության նախարարության Զինուժ հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում։

Վարչապետը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն կմեծանա։

«Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական», - ասել է Փաշինյանը։

«Պետք է իմանանք՝ ինչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ը ՀՀ-ի առաջ և ինչ պարտավորություններ ունի ՀՀ-ն ՀԱՊԿ-ի առաջ»

Հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ խնդիրներին։

«Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպության երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ՝ առաջինն արձանագրել պրոբլեմի գոյությունը և համբերատար դաշնակցային մթնոլորտում և տրամաբանության մեջ քննարկել հարցերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության առաջ և ինչ պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի և նրա երկրների առաջ», - հարցազրույցում ասում է Փաշինյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ եթեր է հեռարձակվելու շաբաթ երեկոյան։ Վարչապետի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսագրությունից կարճ հատված։

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի են ունենալու Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունները։

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն երրորդ անգամ է հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ։ Առաջին անգամ նրանք հանդիպել էին մայիսի 14-ին Սոչիում՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում: Երկրորդ հանդիպումը կայացել էր հուլիսի 13-ին Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։ Երկու հանդիպումներն էլ, ըստ էության, կարճատև էին, կայացած տարբեր հավաքների շրջանակում: Շաբաթ օրը, սեպտեմբերի 8-ին սպասվող հանդիպումը, փաստորեն, լինելու է երկու երկրների ղեկավարների առաջին լիարժեք գագաթնաժողովը: