Ազատամուտի գյուղապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյան

Տավուշի մարզի Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով:

«Ազատությանը» Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ գործն ուղարկվել է քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն, ընթանում է նախաքննություն:

Մինչ այդ համայնքում ուսումնասիրություններ են իրականացրել Տարածքային կառավարման նախարարության մասնագետները, պարզել, որ Ժորա Մարտիրոսյանի գործողություններում առկա են հանցագործության տարրեր, նախապատրաստված նյութերը նախարար Սուրեն Պապիկյանն է ուղարկել Գլխավոր դատախազին։

Համայնքի բյուջեն անարդյունավետ ծախսելու և առերևույթ այլ չարաշահումների մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են մոտ երեք հազար բնակիչ ունեցող Ազատամուտի ավագանու անդամները։ Շուրջ երկու տարի բոյկոտել են նիստերը, Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը պահանջել։ Գյուղապետը, մինչդեռ, վերջին նիստին անգամ մարզպետի ներկայությամբ էր վիճել ավագանու անդամների հետ։

Ավագանու անդամ Արթուր Բեգիմյանի խոսքով՝ այսօր էլ գյուղում նույն իրավիճակն է․ - «Հիմա արդեն նորմալ ձևով ծանուցում ա, պարզապես ավագանու կարծիքը ինքը հաշվի չի առնում: Եթե մենք պըտի մի բան ասենք, ինքը էլի իրանը պնդի․․․ անիմաստ ա»:

Մարտիրոսյանը, ով պաշտոնավարման տասը տարիների ընթացքում անդամակցել է Հանրապետական կուսակցությանը, իսկ Թավշյա հեղափոխությունից հետո էլ «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, թե «արդեն նիկոլական է», այսօր էլ հրաժարական տալու մտադրություն չունի։

Իրեն առաջադրված մեղադրանքն էլ անհիմն է համարում․ - «Ես մի անգամ էլ ա չեմ պատրաստվում հրաժարական տամ, ես համայնքի համար եմ աշխատում»:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով քրեական գործ է հարուցվել նաև Ազատամուտի կոմունալ ծառայության տնօրենի նկատմամբ․ հրշեջ-բանվորի հաստիքում ոչ ոք չի աշխատել, բայց կոմունալ ծառայության պետը աշխատավարձ է ստացել։

Գյուղացիների պնդմամբ՝ սա միակ դեպքը չէ, տարիներ շարունակ գյուղապետն իր ընտանիքի անդամներին է գրանցել տարբեր հաստիքներում և աշխատավարձ ստացել։

Մարտիրոսյանը հակադարձում է․ - «Շատ էլ իմ աղջիկն ա, ուրեմը իրավունք չունի՞ աշխատի: Նա իրեք րեխատեր ա, հաց ուտելու իրավունք չունի՞»: