Լոնդոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կներկայացնի Սկրիպալների թունավորման գործի քննության արդյունքները

Սկրիպալների գործով կասկածյալների՝ բրիտանացի իրավապահների հրապարակած լուսանկարներից

Մի քանի ժամից ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Քարեն Փիրսը Անվտանգության խորհրդում կներկայացնի ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորման հետաքննության արդյունքները` ի հայտ եկած նոր փաստերի, ինչպես նաև կասկածյալների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին:

Որոշ մանրամասներ Լոնդոնը հրապարակել է նախօրեին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, երեկ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Սոլսբերիում այս տարվա մարտի 4-ին տեղի ունեցած հարձակման ետևում կանգնած են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության՝ ГРУ-ի երկու սպա: Խոսքը ռուսական թերևս ամենափակ հատուկ ծառայություններից մեկի մասին է, որը, ինչպես նշում են ռուսաստանյան լրատվամիջոցները, ամենամոտն է Կրեմլին և գտնվում է Սերգեյ Շոյգուի ղեկավարած պաշտպանության նախարարության ենթակայության տակ:

Վարչապետ Մեյի խոսքով, հարձակումը կազմակերպվել է ամենաբարձր՝ ռուսաստանյան իշխանության մակարդակով, և այն «ուղերձ էր բոլոր այն ռուսաստանցիներին, ովքեր բնակվում են իրենց երկրից դուրս և առնչվում են Ռուսաստանի պետությանը վերաբերող հարցերին»: «Բրիտանիայի տարածքում քիմիական զենքի օգտագործումը նրանք են կատարել, և առավել քան հավանական է, որ գրոհի հրամանը արձակվել է շատ ավելի բարձր ատյանից՝ ГРУ-ի համակարգից դուրս», - երեկ ասել է Թերեզա Մեյը:

Միացյալ Թագավորության դատախազությունը Ռուսաստանի երկու քաղաքացիներին՝ Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին մեղադրանք է առաջադրել մահափորձի և քիմիական զենքի՝ «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի օգտագործման համար:

Բրիտանացիները չեն բացառում, որ ռուս գործակալներն իրականում ունեն ուրիշ անուն-ազգանուններ: Ոստիկանությունը մի շարք լուսանկարներ է հրապարակել, որոնք վերցվել են օդանավակայաններում, երկաթուղային կայարանում, Լոնդոնի և Սոլսբերիի փողոցներում տեղադրված տեսախցիկներից: Ոստիկանության տվյալներով՝ Բոշիրովը և Պետրովը Լոնդոն են ժամանել Մոսկվայից մարտի 2-ին, հաջորդ օրը գնացքով մեկնել են Սոլսբերի, որտեղ մեկ ժամ անցկացնելուց հետո վերադարձել են Լոնդոն: Մարտի 4-ի առավոտյան նրանք լքել են լոնդոնյան հյուրանոցը և կրկին մեկնել Սոլսբերի: Տեսախցիկները նրանց ֆիքսել են Սկրիպալների տան մոտ: Ըստ քննիչների՝ կասկածյալները Սկրիպալների տան դռան բռնակը մշակել են թունավոր նյութով, ապա նյութի տարան, որը, ըստ լուսանկարների, Nina Ricci օծանելիքի տարա էր, նետել են աղբաման: «Նովիչոկ» պարունակող նյութի տարան շուրջ երեք ամիս անց գտել է Չարլի Ռոուլի անունով Մեծ Բրիտանիայի քաղաքացին: Ճաշից հետո կասկածյալները մեկնել են քաղաքից և վերադարձել Լոնդոն, որտեղից էլ՝ Մոսկվա:

Բրիտանական իշխանությունների կողմից այս մանրամասների հրապարակումից հետո էլ Ռուսաստանը շարունակում է կտրականապես հերքել իր մասնակցությունը այդ հարձակմանը: Ռուսական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ պաշտոնական Լոնդոնի կողմից հրապարակված կասկածյալների անուններն ու լուսանկարները «Կրեմլին ոչինչ չեն ասում»:

Ռուս - բրիտանական դիվանագիտական այս սկանդալը արդեն իսկ պատժամիջոցների պատճառ է դարձել: Ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետներ են արտաքսվել ինչպես Մեծ Բրիտանիայից, այնպես էլ այլ արևմտյան երկրներից: Պաշտոնական Լոնդոնը, սակայն, ցանկանում է, որ պատժամիջոցները ընդլայնվեն: Եվրամիությունը լքող Մեծ Բրիտանիան կառույցի անդամ երկրներին կոչ է անում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել նաև հաքերային հարձակումների և մարդու իրավունքների խախտումների համար: