Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Երևանի քաղաքապետարան Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք»-ի կողմից իր պարտավորությունների ոչ-պատշաճ կատարման շարունակության պարագայում այլ օպերատորի ներգրավման հարցը քննարկելու համար։
Պաշտպանի գրասենյակը նշում է, որ գրության համար հիմք է հանդիսացել շարունակվող բողոքների ուսումնասիրությունը։
«Մասնավորապես, վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բազմաթիվ բողոքների համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես չի իրականացվում։ Զանգերն ու բողոքները «Սանիթեք»-ի թեժ գծին մնում են անպատասխան։ Ավելին, քաղաքացիները ոչ պատշաճ են ծանուցվում կամ գրեթե չեն ծանուցվում աշխատանքների ձգձգման կամ դրանց կատարման ժամկետների վերաբերյալ։ Նմանատիպ բազմաթիվ տեղեկություններ կան նաև լրատվամիջոցների հրապարակումներում, սոցցանցերում։ Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է դառնում՝ հաշվի առնելով նաև բնակչության առողջությանը վնաս հասցնելու ռիսկերը: Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու խնդրի կարգավորման ուղղությամբ շտապ ու արդյունավետ լուծումներ գտնելու հարցում», - ասված է հաղորդագրությունում։
Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության շենքի մոտ՝ պնդելով, որ կազմակերպությունն ամբողջությամբ անգործության է մատնված։
Ցուցարարներից մեկը նույնիսկ իր տան աղբը տեղափոխեց ընկերության գրասենյակ։
Նշենք, որ դեռ օգոստոսին աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք»-ը տուգանվեց 12 միլիոն դրամով։ Տուգանքից հետո էլ ոչինչ չփոխվեց՝ քաղաքի աղբամանները լիքն են, գարշահոտություն է տարածվում։
«Սանիթեք»-ից ասում են, որ եկող շաբաթ հանդես կգան մամուլի ասուլիսով և կպատասխանեն քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին։